Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումը մեկնարկել է. խաղաղության անհրաժեշտության մասին են խոսել թե զենք վաճառողը, թե հարձակվողը ու թե պաշտպանվողը
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն իրար հետ չէին հանդիպել շուրջ ինը ամիս:
Քիչ առաջ Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ մեկնարկած նրանց հանդիպումը կարելի է նույնիսկ պատմական կամ շրջադարձային կոչել, որովհետև տեղի է ունենում պատերազմի իրական վերսկսման համատեքստում:
Ռուսական միջնորդությանը շատերն են թերահավատորեն մոտենում, որովհետև համարում են, որ հակամարտող կողմերին զինող երկիրը չի կարող խաղաղության երաշխավոր լինել:
Գուցե դա այդպես է, սակայն գոնե հրադադարի պահպանման հարցում Պուտինը հիմա կարող է նախանձախնդիր լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արևմուտքի հետ լարված հարաբերությունների ֆոնին՝ նրան կառուցողական իմիջ ու թեկուզ փոքր դիվանագիտական հաղթանակ է պետք:
«Մենք պետք է համբերատարություն, իմաստություն, միմյանց հանդեպ հարգանք դրսեւորենք, որպեսզի գտնենք այդ լուծումը»,- այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև հիշեցրել է, որ հակամարտությունը վաղուց է սկիզբ առել՝ որպես Խորհրդային Միության ժառանգություն:
Վերջին միտքը Պուտինը հնչեցրել է նաև Ղրիմի իրադարձությունների ժամանակ՝ անուղղակի ակնարկելով, որ Մոսկվան՝ իր ակտիվ ու կառուցողական դերակատարությամբ, փորձում է վերացնել այն խնդիրներն, անարդարությունն, որոնք ոչ թե ինքն է ստեղծել, այլ ԽՍՀՄ-ից է ժառանգություն ստացել:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների խոսքում նույնպես գերիշխել է խաղաղության հաստատման անհրաժեշտությունն, իհարկե՝ փոխադարձ մեղադրաքներով:
«Այս հարցը լուծում է պահանջում, այն երկար ձգձգվեց, հուսով եմ՝ ձեր անձնական մասնակցությունն այս գործընթացին նոր խթան կհանդիսանա բանակցային գործընթացի համար: Ինչպես դուք նշեցիք, արդեն գոյություն ունեն բանակցությունների ձեւաչափ, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման իրավական հիմք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձեւ է ընդունել, որոնք պահանջում են հայկական զինված ուժերի անհապաղ եւ անվերապահ դուրսբերում Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Ցավոք, ավելի քան 20 տարի է անցել, իսկ այդ բանաձեւերն այդպես էլ թղթի վրա են մնացել… Ես կարծում եմ, որ Ռուսաստանը, որպես մեր մերձավոր ընկեր, գործընկեր եւ հարեւան, առանձնահատուկ դեր ունի կարգավորման գործընթացում: Հույս ունենք, որ առաջիկայում բանակցությունների ճանապարհով, խաղաղ ճանապարհով լուծում կգտնենք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ կհամապատասխանի արդարությանը»,- դիմելով Վլադիմիր Պուտինին՝ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Մենք կարծում ենք, որ իրականում հակամարտությունը կարելի է լուծել, հարկավոր է այն լուծել փոխզիջումային տարբերակով, այն սկզբունքները հիման վրա, որոնք մեզ առաջարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- իր հերթին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը :«Ադրբեջանական կողմն անընդհատ վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձեւերը, բայց այսպիսի հարց պարոն Ալիեւին. իսկ այդ բանաձեւերի ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Այդ բանաձեւերի կետերի միակ կատարողը Հայաստանն է, որն իր ազդեցությունը գործադրել է՝ մարտական գործողությունները դադարեցնելու համար: Եվ եթե մենք վերադառնանք 1990-ական թվականների սկզբի իրադարձություններին, ապա կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, իսկ մյուս կողմից, հնարավոր է, ինչ-որ բան նաեւ կձգձգվի… Եթե մենք նորից սկսենք մեղադրել միմյանց, կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ այդ հակամարտությունը չի լուծվի»,- հավելել է Սարգսյանը:
Ի դեպ, ուշագրավ է, որ Ալիևը հղում է արել Ռուսաստանի ՙՙառանձնահատուկ դեր՚՚-ին, իսկ Սարգսյանի խոսքում շեշտադրված կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը:
Սա հանդիպման, այսպես կոչված, բաց, արարողակարգային մասն է: Բանակցությունները կշարունակվեն, հավանաբար, նաև փակ դռների հետևում:
Իսկ ավելի ուշ պարզ կլինի, թե ինչքանով էին արդյունավետ Սոչիիի երկկրողմ ու եռակողմ հանդիպումները....