Շատերը սկսել են կարծիք առաջ քաշել, թե 1813 թվականի Գյուլիստանի հաշտության պայմանագրի համաձայն Ղարաբաղը պատկանել է ռուսական իմպերիային և փաստաթղթերի համաձայն` ռուսական տարածք է:
«Այդ հայտարարությունները ոչ մի իրավական ուժ չունեն»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ինչ վերաբերում է Ստեփանակերտում կայացած համերգին` քաղաքագետը մեկնաբանեց.
«Հայաստանը պետք է անի որոշ քայլեր, որ մի կողմից պահպանի բալանսը Ռուսաստանի և Արևմուտքի միջև և մյուս կողմից` Ղարաբաղի հարցի շուրջ ունենա դրական զարգացումներ: Հետևաբար հասկանալի է, որ գոնե քաղաքական զարգացումների հիման վրա Հայաստանը պետք է ինչ-որ ձևով արձագանքեր Ռուսաստանի այդ քայլին, որովհետև Ռուսաստանը առաջին հերթին հանդիսանում է Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, որը ԽՍՀՄ նախկին տարածքներում կարող է անել այն, ինչ ցանկանում է:
Պետք էր մի կողմից այսպես ասած` «սիրաշահել» Ռուսաստանին, մյուս կողմից էլ որքան հնարավոր էր` չբարդացնել հարաբերությունները Ուկրաինայի և Արևմուտքի հետ:
Հետևաբար ԼՂՀ-ում միջոցառումներ կազմակերպվեցին` ցույց տալու, որ խորհրդային սահմանները հավերժ չեն, բացի այդ` սա հաղորդագրություն էր Ռուսաստանին և Վրաստանին»:
Հարցին, թե Ղրիմը կարո՞ղ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նախադեպ դիտարկվել: Համեմատելի՞ են Ղրիմի և Ղարաբաղի հարցերը, Սերգեյ Մինասյանը պատասխանեց.
«Իրավական առումով չէ, բայց քաղաքականով` հնարավոր է: Իրականում բոլոր գնահատականները, որոնք որ կան Հայաստանում ` կապված են նրանից, թե ինչ քաղաքական կամ գաղափարակախոսական մոտեցում ունի երկիրը: Ուստի հայկական կողմը շարունակում է զգուշավոր արձագանքել: Պետք էր մի ձևով արտահայտվել, ինչը եղավ նախագահի դեպքում, բայց ոչ` դիվանագիտական ձևաչափով»:
Անդրադառնալով հարցին, թե որպեսզի օրերից մեկ օր Ղրիմի ճակատագիրը չսպառնա Հայաստանին. ի՞նչ պետք է անել: Արդյո՞ք ժամանակը չէ, որ Հայաստանն ու Արցախը դե յուրե վերամիավորման քաղաքական գործընթաց սկսեն, քաղաքագետը նկատեց.
«Հռոմեական ասացվածք կա. «Что позволено Юпитеру, то не позволено быку». Ռուսաստանն արեց այն, ինչ որ արեց, որովհետև միջուկային երկիր էր`ռազմաքաղաքական իր պոտենցիալով: Եթե Հայաստանը գնա այդ քայլին` պարզապես կավելանա պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը»:
Ինչ վերաբերում է հարցին, թե Ուկրաինական ճգնաժամը, ռուս-ամերիկյան «բախումը» կարո՞ղ է ինչ-որ կերպ անդրադառնալ Մինսկի խմբի աշխատանքների վրա,-Սերգեյ Մինասյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որովհետև Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման ժամանակ երեկ այդ մասին հայտարարություն արդեն եղավ: Մինսկի խմբի ֆորմատում կարծում եմ, որ որևէ փոփոխություև չի լինի, քանի որ բոլոր համանախագահները չնայած լուրջ տարաձայնություններին` որևէ ձևով չեն ցանկանա փչացնել ֆորմատը»:
Անի Կարապետյան