Ղրիմի հանրաքվեի օրը մոտենում, իսկ Ղրիմի թաթարները դեռ դրան պաշտոնապես չեն աջակցել: Ասեմ ավելին, մենք ականատեսն ենք եղել թաթարական համայնքի կողմից ճիշտ հակառակ կեցվածքին: Բայց ինքնավար հանրապետության իշխանությունների, ինչպես նաև բուն Ռուսաստանի համար անչափ կարևոր է ստանալ նաև այդ համայնքի աջակցությունը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ղրիմի թաթարներին առաջարկվել էր մաս կազմել կառավարությանը, սակայն դրան, համենայնդեպս պաշտոնապես, ոչ մի արձագանք այդպես էլ չհետևեց: Այդ համատտեստում այսօր մենք տեղեկացանք մեկ այլ քայլի մասին, որն ուղղված է թաթարների ինքնասիրությունը շոյելուն. թերակղզու Գերագույն խորհուրդը «Ղրիմի թաթարների իրավունքների վերականգնման երաշխիքների մասին» որոշում է կայացրել:
Փաստորեն տվյալ համայնքին «գնելու գինը» գնալով բարձրանում է: Eկեք տեսնենք, թե ինչ է նախատեսվում այդ որոշմամբ:
Այսպիսով Ղրիմի ԳԽ խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ այս որշմամբ նախատեսվում է առաջին հերթին Ղրիմի նոր սահմանդրությամբ ղրիմաթաթարերենը դարձնել պետական լեզու: Երկրորդ՝ նոր սահմանադրությունը նախատեսում է համամասնական ընտրական համակարգի ներդրում, և թաթարների առնվազն 20% ներկայություն Գերագույն խորհրդում (թաթարական համայնքն ի դեպ կազմում է երկրամասի բնկաչության ընդամենը 10-12%-ը), և երրորդ՝ համայնքին կերաշխավորվի ունենալ ներկայացուցիչ բոլոր քաղաքային և շրջանային խորհուրդներում: Սա զուտ այն է ինչ այսօրվա որոշմամբ նախատեսել են ինքնավար հանրապետության իշխանությունները: Մինչդեռ ՌԴ դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն իր հերթին թաթարներին խոստացել է ազգային և մշակութային լայն ինքնավարություն, եթե մարտի 16-ի հանրաքվեի արդյունքով ղրիմցիները որոշում կայացնեն միանալ Ռուսաստանին:
Ինչպես երևում է Ռուսաստանը ջանք ու եռանդ չի խնայում թերակղզու ամբողջ բնակչությանը իր շուրջը համախբելու ուղղությամբ, իսկ թաթարներն այդ «ջանքերին» առայժմ անտարբերությամբ են արձագանքում՝ թերևս բարձրացնելով իրենց «գինը»: Անձամբ ես կարծում եմ, որ ղրիմի թաթարների համար աննախադեպ հնարավորություն է ընձեռվում իրենց ազգային-մշակութային կյանքը երաշխավորելու և առհասարակ ինքնությունը պահպանելու համար, բայց միևնույն ժամանակ սա ի չիք է դարձնում իրենց անկախ ապրելու ցանկացած հեռանկար: Ես վստահ եմ, որ Ղրիմի թաթարների համար ամենաձեռնտու տարբերակը կլիներ այն, եթե օրինակ Ղրիմն անկախանար: Սա ձեռնտու կլիներ նաև Թուրքիային, որը ևս կաներ ամեն ինչ իր ազդեցությունը նորաստեղծ պետությունում մեծացնելու ուղղությամբ, բայց ինչպես քիչ առաջ նշեցի Ռուսաստանին միանալը անմիջապես չեզոքացնում է այդ հեռանկարը:
Ինչևէ, այսօրվա դրությամբ իրավիճակն այսպիսին է: ինձ թվում է, որ այնուամենայնիվ մենք շուտով կլսենք Ղրիմի թաթարների արձագանքը: Եթե նույնիսկ նրանք բացեիբաց չաջակցեն էլ, ապա չեմ կարծում, որ լուրջ և անկեղծ դիմադրություն կձեռնարկեն: Ի վերջո, եթե նրանց առաջնային նպատակը «գինը» բարձրացնելն էր, ապա այդ գինը գնալով բարձրանում է: Այնպես որ ըմբոստանալու առիթ կարծես այլևս չկա: