Տեղեկությունը, որ Սյունիքի մարզում 50 000 հա արոտավայր 5-10 տարով վարձակալության է տրամադրվում Իրանի Արեւելյան Ադրբեջանին (Արեւելյան Ատրպատական), մանկամիտ է, այո՛, եւ անտրամաբանական: Արոտավայրի հետ 2000 հա էլ տրամադրվելու է որպես բնակատեղի, բնակավայր: Մարդու ուղեղում չտեղավորվող իրողություն է: Եւ տեղական կառավարման մակարդակում ու՛մ ուղեղում էլ ծագած լինի այդ միտքը՝ այդ դիվայի՛ն միտքը, ովքեր էլ իրենց ստորագրությունը դրած լինեն «Համաձայնագիր» կոչված այդ թղթի տակ, առնվազն՝ ոտքի տակ են տալիս Ազգային մեր շահը: Ժողովրդական ասացվածք կա՝ «Քարը գցի, ձեռքդ բացվի», ինչն այս պարագայում հուշում է, որ այդ տարածքները այլեւս ձերը չեն լինի, մերը չեն լինի, Սյունիքինը չեն լինի, կարճ ասած՝ Հայաստանինը չեն լինի: Դուք դա չգիտե՞ք, պարոննե՛ր, իմացեք, դա այդպես է: Իմացեք ու սթափվեք, խնդրում եմ: 82 տարի սահմանամերձ շրջանի բնակչուհի եմ ու ավելի քան 40 տարի ղեկավար աշխատանք եմ կատարել հենց այդ սահմանամերձ Իջեւանի շրջանում՝ ավելի քան հարյուր կիլոմետր սահմանի վրա դուռ-դրկից ունենալով ազերիներին: Ականատես եմ եղել ամենավերին ատյաններից նրանց հայկական հողեր բաշխելու, ներքեւներում էլ նրանց, այո՛, զիջելու, անգամ հող վաճառելու քստմնելի դեպքերին ու զայրույթ ապրել: Իսկ երբ պաշտոնապես իրավասու եմ դարձել, անողոք եմ եղել նման երեւույթների հանդեպ, անխնա պայքարել եմ ու արդյունքի էլ հասել եմ: Ահա թե ինչու, քանի դեռ «թուղթը» չի վավերացվել վերին ատյաններում, ինձ իրավունք եմ վերապահել դիմել ձեզ.
-Սթափվե՛ք, պարոննե՛ր, քանի դեռ ուշ չէ,
Հող հայրենիքից մի թիզ էլ չի կարելի վարձակալության տալ օտար բարեկամին.
Հող Հայրենին սուրբ է ու նվիրական:
Այն ենթակա չէ աճուրդի ու վաճառքի,
Այն գին չունի:
Կար ժամանակ, երբ ազերիները հող ձեռք բերելու, հող զավթելու իրենց հեռահար նկրտումներին հավատարիմ, գրոհել էին մեր սարերը. մեր շրջանի հովիվների, անասնապահների զգալի մասը նրանք էին՝ «մեր ոխերիմ եղբայրները»( մեր ներքին կարգախոսն էր խորհրդային տարիներին):Ամռանն էլ իրենց հետ սարերն էին բարձրացնում ողջ ազգուտակին՝ երեխաներով ու անասուններով հանդերձ,եւ ֆերմաները կրկնապատկվում էին թե՛ մարդկանց,թե՛անասունների գլխաքանակով: Մեր սառնորակ աղբյուրների ակունքին նրանք բինաներ էին խփում, տիրակալի իրավունքով ռադիոընդունիչները միացնում, երանության գրկում մուղամներ յսում, հիանում իրենց հայրենի երաժիշտների կլկլոցներով…
ՀաՃախ էլ բինավորվել են,բնավորվել, բնակատեղի դարձրել՝ստեղծելով բնակավայրեր, գյուղեր: Այդպես էին առաջացել նախկին Իջեւանի շրջանի բարձրադիր սարերում թառած Աղքիլիսա, Մուրթել գյուղերը, հետո մղձավանջն իջել էր նաեւ հարթավայրերը՝առաջացնելով Փոլադը, Սալահը, Հախկխլուն: ՀԿԿ շրջկոմի առաջին քարտուղար ընտրվելուս առաջին իսկ տարում խնդիր դրեցի՝ո՛չ մի ադրբեջանցի անասնապահ, ո՛չ մեկը նրանցից մեր սարերը չպետք է բարձրանա: Կարողացա փակել տալ ՀԿԿ Կենտկոմի միջնորդությամբ Վազաշենի «Հոնուտ» կոչվող անտառում Ղազախի շրջանի երեխաների համար բացված պիոներական ճամբարը: Հաջորդ տարի պահանջը չկատարեցին Ծաղկավանի պետական տնտեսության տնօրենն ու Սարիգյուղի բրիգադիրը, ովքեր,չնայած իրենց ունեցած տնտեսական հաջողություններին, ազատվեցին աշխատանքից. խնդիրը լուծվեց:
Սյդ բոլորը, պարոններ, խորհրդային համակարգում էր, պրոլետարական ինտերնացիոնալիզմի գաղափարախոսության պայմաններում…
Իսկ հիմա Ազատ ու Անկախ Հայաստան երկրո՞ւմ ինչն է ձեզ մղում գնալ այդ ազգադավ քայլին: Կարողացեք սթափվել, Հայի սթափ հայացքով նայել ապագային ու նոր հիմնախնդիրներ չսերմանել գալիք սերունդների համար: Մանավանդ որ պրոլետարական ինտերնացիոնալիզմին նվիրված՝ ԽՍՀՄ-ի միակ թանգարանն էլ Սումգայիթում էր, որի պատերի տակ արդեն մորթվել է պրոլետարական ինտերնացիոնալիզմը: Տեղյակ չե՞ք այդ ամենին, պարոններ… Օրերս հենց այդ ոճրագործության 25-ամյա տարելիցը նշվեց… Համոզված եմ, դուք կառարկեք, թե՝ ի՞նչ համեմատություն, համեմատության ե՛զր չկա անգամ: Հասկացա, դուք այսօրվա մեր հարեւաններից մեր բարեկամ Իրանին եք ընդառաջում: Բարեկամներ են նրանք, դրա համար էլ շատացել են մեր մայրաքաղաք Երեւանում. վարձակալում են Հյուսիսային պողոտայի թանկ բնակարանները… Դա քի՞չ է,հիմա էլ սահմաններն եք սկսում վարձակալության տալ, գուցե Արցախի չբնակեցված տարածքներից է՞լ հողեր հատկացնենք վարձակալությանը, հանենք աճուրդի… Սահման ասացի ու հիշեցի. ամիսներ առաջ հեռուստաէկրանից երկու ոչ անհայտ, ավելին՝ երկու հարգարժան իրավագետներ, որովհետեւ բանտերում տեղ չկա, սահմանամերձ գյուղերն էին առաջարկում դիտել որպես այլընտրանքային պատժավայրեր: Զարհուրելի է անգամ այդպես մտածելը: Այս ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում… Դուք, երեւում է, ահ ու երկյուղ չունեք անգամ մեծն Նժդեհից, ի՞նչ պատասխան կարող եք տալ նրա՝ «Այդպե՞ս ես պահում Սյունյաց աշխարհն իմ» հարցին.. Սթափվենք, պարոններ, դուք չե՞ք տեսնում Մեր Եռագույնը, չե՞ք լսում մեր Օրհներգը, չե՞ք ունկնդրում ֆիդայական մեր երգերը, գաղափար չունե՞ք մեր Ավարայրի մասին, չե՞ք այցելել մեր ԵՌԱԲԼՈՒՐԸ…Քանի որ չեմ կարող ձեզ հասցնել հեղինակածս «Հայոց օջախը՝ պատանդ» գիրքը, որտեղ այսօրվա կացնազգիների՝ խորհրդային տարիների մեր «ոխերիմ եղբայրների»՝ ադրբեջանցիների հետ հողամարտի բազում վկայություններ կան,վերցրեք ձեր հայրենակից Գրիշա Սմբատյանի հեղինակած «100-ամյա մեր պատերազմը». եթե չկարողանաք կարդալ, գոնե թերթեք այն: Իսկ ես խոստանում եմ՝ հրատարակության պատրաստվող նոր գրքիս առաջին օրինակները հենց ձեզ ուղարկեմ գիտե՞ք այն վերնագրված է. «Ապրելու երաշխիքը-
Հող
Հավատք
Գիր»…
Սթափվե՛ք, պարոնա՛յք, քանի դեռ ուշ չէ, եւ ամոթ է, ամոթ…
Ջեմմա Անանյան
«Գրական թերթ» թիվ 6(3151) 8 մարտի 2013թ.