▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«27 տարի անցավ ու ոչ մի բացահայտում»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Յուրի Բախշյանի այրին՝ հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «27 տարի անցավ ու ոչ մի բացահայտում, հազար ամոթ ՀՀ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ՝ ՎԵՐԵՎԻՑ ՆԵՐՔԵՎ»։

***

Այսօր 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է: ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

***

1999 թվականի այս օրը զինված հանցագործների խումբն ԱԺ հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ներխուժեց խորհրդարան և գնդակահարեց պետական գործիչների: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

Ոճրագործության գործով ցմահ դատապարտվածներից այսօր ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը:

Թեպետ անցել է 27 տարի, հոկտեմբերի 27-ի գործը մինչ օրս ամբողջությամբ բացահայտված չէ։

***

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին

2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողական և վարութային մի շարք գործողություններ։

Մասնավորապես՝

- Կատարվել են շուրջ 1 տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ։

- Ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ։

- Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ 3 հանձնարարություններ են տրվել օպերատիվ մարմնին։

- Կատարվել են փաստաթղթերի զննումներ։

- Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հսկող դատախազի թույլտվությամբ առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր։

- Իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։

- Հսկող դատախազը նախորդած ժամանակահատվածում իրականացրել է դեպքի մասին որոշակի տեղեկություններ ունեցող քաղաքացիների ընդունելություններ: Ընդունելությունների արդյունքներն ուղարկվել են քննիչին՝ համապատասխան ապացուցողական գործողություններ կատարելու նպատակով:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։

Նախաքննությունն ընթացքի մեջ է։

Հասարակություն more