▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ–ն հաստատեց` Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողը կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

ԱԱԾ–ն հաստատեց` Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողը կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ԱԱԾ–ին տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել ՀՀ սահմանը։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ԶԼՄ–ները գրում են, որ վիրավորը կին է, 3 երեխաների մայր։

***

Ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով նրանց բացակայությունից։ ArmeniaSputnik-ի հետ զրույցում տեղի ունեցած դեպքի մասին մանրամասներ հայտնել է գյուղի բնակիչներից մեկը։

«Կինն ու 3 երեխաները տանը չեն գիշերել, դպրոցից հետո կինը երեխաների հետ տուն է վերադարձել, տեսել ադրբեջանցուն, աղմուկ բարձրացրել, ադրբեջանցին կրակել է կնոջ վրա»,- հայտնում է բնակիչը։
Նրա խոսքով՝ կինը կարողացել է ինքնապաշտպանության դիմել, դանակով հարված է հասցրել ադրբեջանցուն, որը փախել, թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան։
***
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, Asekose–ին հայտնեցին առողջապահության նախարարությունից։

Տուժածը ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, գտնվում է բժիշկների հսկողության տակ։
***

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնում է․ «Սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»։

***

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում ավելի վաղ գրել էր․ «Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ հակառակորդի կողմից դիվերսիոն խումբ է ներթափանացել, ասում են, ռազմական ոստիկանության մեքենաներ են լցվել Սիսիան։
Որոնում են ազերիներին, որոնք, ըստ աղբյուրի, հասցրել են կրակել զինծառայողի վրա։ Ներթափանցման պահին ֆիքսել են, բայց չեն կրակել հրաման չունենալու պատճառով, այդպես են պատմում բնակիչները, իսկ ՊՆ լռում էր, զանգերն անպատասխան են մնում»։
«B24news-ին հայտնում են երկու հակասական տեղեկություն ` զինծառայող են սպանել Սյունիքի զորամասի տարածքում, մյուս աղբյուրները՝ այսօր կնոջ վիրավորում ստանալու մասին են հայտնում, նրան տեղափոխել են հիվանդանոց։
ՊՆ ից համառորեն չեն արձագանքում զանգերին և չեն մեկնաբանում նամակով փոխանցած լուրը, առայժմ հաստատել կամ հերքել չի հաջողվում։
Սյունեցիների հետ իմ զրույցներում այս երկու վարկածի մասին են պատմում եւ ասում են համար 1 է տված Սյունիքում»։

Ավելի վաղ Բադոյանը հայտնել էր Սիսիանում զինվորի մահվան մասին ․ «Զինվոր է սպանվել Սիսիանի զորամասում։ Կա վարկած, որ հակառակորդի կրակոցից է զոհվել»։

Հասարակություն more