▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջարկվող Սահմանադրության մեջ բացակայում են «հայ», «հայեր» և «հայոց» բառերը»․ Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարևոր դիտարկումներ առաջարկվող Սահմանադրության վերաբերյալ։

1. Առաջարկվող Սահմանադրության մեջ բացակայում են «հայ», «հայեր» և «հայոց» բառերը, մինչդեռ գործող Սահմանադրությունը հստակորեն սահմանում է հայ լինելը՝ որպես ազգային ինքնության և պետականության հիմք։

2. Առաջարկվող Սահմանադրությունը թույլ է տալիս ռեզիդենտներին մասնակցել համապետական հանրաքվեներին, ինչպես նաև 200,000 քաղաքացիների ստորագրության միջոցով՝ առանց Ազգային ժողովի, հանրաքվե նախաձեռնել։

Եզրակացություն՝ Մի քանի տարվա ընթացքում, եթե հարյուր հազարավոր թուրքեր և ադրբեջանցիներ տեղափոխվեն Հայաստան, նրանք կարող են նախաձեռնել հանրաքվեներ՝ իրենց ցանկացած թուրքական փոփոխություններն առաջ մղելու նպատակով, և ի վերջո, մեծամասնություն ստանալու դեպքում, առանց որևէ խոչընդոտի Հայաստանը վերածել թուրքական պետության»։

***

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին
Ներկայում գործող Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում է որպես հայկական ազգային պետություն, որտեղ հայ ժողովուրդը պետականակերտ` տիտղոսային ազգն է, իսկ երկրում բնակվող ազգային փոքրամասնություններն ունեն սահմանադրորեն երաշխավորված իրավունքներ՝ իրենց լեզուն, մշակույթն ու ավանդույթները պահպանելու համար։
Ալիևյան սահմանադրությունում «Հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից և անցում կատարել զուտ տարածքային-քաղաքացիական մոդելի։ Այս դեպքում պետության տիտղոսային ազգի կրող դառնում է ոչ թե հայ ազգը, այլ տվյալ պահին երկրի տարածքում բնակվող և քաղաքացիություն ունեցող բնակչության ամբողջությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից։
եթե Սահմանադրությունից դուրս է գալիս «հայ ժողովրդի»՝ որպես տիտղոսային ազգի դերը, ապա ցանկացած էթնիկ խումբ, որը ապագայում, օրինակ, Ադրբեջանից հաճախ հնչող խոսույթի համատեքստում կարող է տեղափոխվել Հայաստան և ստանալ քաղաքացիություն, իրավաբանորեն դառնում է «ՀՀ ժողովրդի»՝ որպես ինքնիշխանության կրողի հավասարազոր բաղադրիչ, ինչն էլ կարող է փոխել մեր երկրի ազգային և ժողովրդագրական դիմագիծը։

***

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեզնում լայն ուշադրության արժանացավ Բաքվի բարբարոսական վարչախմբի ԱԳ նախարարի՝ երեկվա հայտարարությունը Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը ողջունելու առումով։
Միևնույն ժամանակ, շատ կարևոր էր այդ «ողջունման» բովանդակային հատվածը, որը, կարծում եմ, պատշաճ ուշադրության առարկա չդարձավ։
Բաքվի բարբարոսական վարչախմբի ԱԳ նախարարը, մասնավորապես, հայտարարել էր՝ «Տվյալ հարցի (սահմանադրության փոփոխության) վերաբերյալ վերջնական լուծում գտնելուց հետո խաղաղության համաձայնագիրը ստորագրելը հնարավոր կդառնա»։
Տեքստից ակնհայտ է, որ նա չի խոստանում, վստահեցնում կամ երաշխավորում, որ Հայաստանի նոր սահմանադրության նույնիսկ ընդունումից հետո խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, այլ ընդամենը նշում է, որ դրա ստորագրումը սահմանադրական «հարցի վերջնական լուծումից» հետո հնարավոր կդառնա։ Այսինքն հայտարարվում է բացառապես ստորագրման հնարավորության, այլ ոչ թե վստահաբար ստորագրելու մասին։
Այլ խոսքերով՝ ստորագրումը ներկայացվում է ոչ թե նոր սահմանադրության վերջանական ընդունումից հետո որպես արդեն համաձայնեցված հաջորդ քայլ, այլ լոկ` որպես հնարավորություն։
Իսկ հնարավորությունը կարող է այդպես էլ մնալ հնարավորություն և չդառնալ իրողություն»:

***

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոր Հայաստանում չի բացառվում Սահմանադրության ընդունման «ճապոնական» տարբերակը:
Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտվելուց հետո, Ճապոնիան հայտնվեց ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակիցների փաստացի օկուպացիայի ներքո: Օկուպացիոն վարչակազմը պահանջեց մշակել Ճապոնիայի նոր Սահմանադրություն։ Դաշնակից պետությունները պահանջում էին, որ Սահմանադրությամբ ամրագրվի Ճապոնիայի` պատերազմ վարելու նպատակով, զինված ուժերից հրաժարվելու սկզբունքը: Ըստ էության, Ճապոնիայից պահանջվում էր հրաժարվել սեփական բանակ ունենալու իրավունքից:
Սկզբից Ճապոնիայի օրվա իշխանությունը փորձեց ինքնուրույն մշակել Սահմանադրության նախագիծ, որը, սակայն, մերժվեց ԱՄՆ-ի կողմից։ Այնուհետև, տեղի ունեցավ նախկինում չլսված իրադարձություն` նոնսենս: 1946 թվականի փետրվարին պաշտոնական Վաշինգտոնն ամերիկացի զինվորականներից և քաղաքացիական մասնագետներից խումբ ձևավորեց և վերջինիս հանձնարարեց Ճապոնիայի նոր Սահմանադրություն գրել: Ընդ որում, Սահմանադրություն գրելու համար խմբին մեկ շաբաթ ժամանակ տրվեց:
Անցել է 80 տարի: Ճապոնիայի այդ Սահմանադրությունը մինչ օրս գործում է և անընդհատ քննարկումների և բողոքների առիթ է հանդիսանում:
Այլևս գաղտնիք չէ, որ Նոր Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումն Ադրբեջանի պահանջն է: Հայաստանի օրվա իշխանությունը հանրությանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծ: Իսկ ո՞վ ասաց, որ այն այնպես, ինչպես Ճապոնիայի դեպքում, չի պատրաստվել օտարերկրյա զինվորականների և քաղաքացիական անձանց խմբի կողմից ընդամենը մեկ շաբաթում: Եվ, այս պարագայում, կարևոր չէ լա՞վն է Սահմանադրությունը, թե՞ վատը:
Խնդիրն այլ է: Կարելի՞ է արդյոք Սահմանադրությունը համարել ազգային, եթե դրա ընդունման պահանջն աներկբա հնչել է, իսկ նախնական նախագիծը ենթադրաբար մշակվել է օտարերկրյա պետության իշխանության ներկայացուցիչների կողմից»։

Բլոգ more