▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում

Թարմացում․ Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Հակարի կամրջի մոտ ադրբեջանցիները լեզվակռվի մեջ են մտել հայ սահմանապահների հետ և փորձել են առաջ շարժվել դեպի Կոռնիձոր, չեն համապատասխանում իրականությանը։

Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանը քիչ առաջ ՄեդիաHub-ին տեղեկացրել է, որ իր խոսքը վերաբերում էր չորս տարի առաջ տեղի ունեցած դեպքին, ոչ թե այսօրվա իրավիճակին։

«Ես իմ զրույցում ասել եմ, որ այդ դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ։ Այս պահին Կոռնիձորի հատվածում իրավիճակը հանգիստ և խաղաղ է։ Սահմանապահները տեղում են, որևէ կրակոց, առաջխաղացում կամ հայ սահմանապահների հետ լեզվակռիվ չկա։ Իմ խոսքերը պարզապես խեղաթյուրված են ներկայացվել։ Խնդրում եմ տեղեկությունը տարածել այնպես, ինչպես այն իրականում կա»,- ասել է Սուրեն Ամարյանը։

***

Թարմացում․ Տեղի համայնքապետարանը տեղեկացնում է, որ «Առավոտ» թերթի կողմից տարածված հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին ասված է համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում։

«Սուրեն Ամարյանի փաստմամբ՝ առավոտյան իրեն մոտեցած անձինք ներկայացել են որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներ, մինչդեռ հետագայում պարզվել է, որ նրանք «Առավոտ» թերթի աշխատակիցներ են։ 

Պարոն Ամարյանը նաև հստակ նշել է, որ հրապարակման մեջ ներկայացվող դեպքը տեղի է ունեցել չորս տարի առաջ, և ներկայումս որևէ թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների պաշտպանությունն իրականացվում է շուրջօրյա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և սահմանապահ զորքերի կողմից։ 

Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,- նշվում է գրառման մեջ։ 

Նշենք՝ «Առավոտը» հայտնել էր, թե Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ամարյանըհայտնել է՝ «Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»։

***

Սյունիքի մարզի` Արցախին սահմանակից Կոռնիձոր համայնքում՝ Հակարիի կամրջի մոտ, ադրբեջանցիները փորձում են առաջխաղացում ունենալ, բայց հայ սահմանապահները թույլ չեն տալիս։ Այս մասին, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, Կոռնիձոր այցելած լրագրողներին ասել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանը։

«Հակարիի կամրջի մոտ կա սահմանազատման խնդիր։ Ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, բայց մենք չենք թողնում։ Սահմանապահ զորքն է զբաղվում այդ հարցով, մենք չենք խառնվում։ Ադրբեջանցիներն ասում են՝ մեր հողն է, մենք ասում ենք՝ մերն է»,- ասել է Սուրեն Ամարյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստան-Ադրբեջան ամենաերկար սահմանը Կոռնիձոր համայնքում է՝ 18 կմ։

Անվտանգային հարցերը փոխել են կոռնիձորցիների կյանքը, գյուղում գոյատևելու տարբերակներ են փնտրում, ասում է Սուրեն Ամարյանը։ «Նկատի ունենալով, որ ադրբեջանցին եկել, մեր սահմանին նստել է, մենք մտածում ենք ոչ թե վարելահողերը շատացնել կամ ցորեն ցանել, այլ այնպիսի տնտեսություն վարել, որը շահավետ կլինի գյուղում ապրելու համար։ Օրինակ՝ ջերմոցային տնտեսություններ։ Մարդիկ ոչ թե արոտավայրում պետք է անասուններ պահեն, այլ խելացի անասնագոմերում՝ տոհմային ու ցեղական անասուններ։ Այսինքն՝ ստեղծված իրավիճակում մենք մտածում ենք՝ ինչպես անենք, որ էլի այստեղ ապրենք»,- ասել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն more