▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեղեկացել ենք, որ եկամտային հարկի հաշվին ՀԿ-ներին, լրատվամիջոցներին ու կուսակցություններին քաղաքացիների կողմից գումար հատկացնելու Կառավարության նախաձեռնությունն այսօր կքննարկվի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Կառավարության հեղինակած նախագիծը կներկայացնի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Սակայն այս նախաձեռնության շուրջ ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե քաղաքացիներին ինչ նոր հնարավորություն է տրվում, այլ այն, թե ով է որոշելու՝ որ կազմակերպությունն է արժանի այդ գումարին, և ինչ չափանիշներով։
Ուսումնասիրել ենք օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն՝ քաղաքացիների կողմից ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և կուսակցություններին անհատույց հատկացվող գումարները ներառվելու են սոցիալական ծախսերի շարքում։

Առաջին հայացքից նախաձեռնությունը ներկայացվում է որպես քաղաքացիների՝ քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին և քաղաքական ուժերին աջակցելու լրացուցիչ հնարավորություն։ Բայց նախագծի բովանդակության մեջ կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները օրենսդրական տեքստում բացակայում են։

Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ սոցիալական ծախսերի առանձին ուղղությունները, դրանց առավելագույն չափերը, աջակցություն ստանալու իրավունք ունեցող ՀԿ-ների, լրատվամիջոցների ու կուսակցությունների շրջանակը, դրանց ներկայացվող չափանիշները, ինչպես նաև տեղեկությունների ներկայացման և հրապարակման կարգը սահմանելու է Կառավարությունը։
Այսինքն՝ օրենքը չի սահմանում հստակ չափանիշները, այլ այդ կարևոր որոշումները թողնում է գործադիր իշխանության հայեցողությանը։

Ստացվում է՝ քաղաքացին կարող է ցանկություն ունենալ իր վճարած եկամտային հարկի հաշվից 3000 դրամ տալ այս կամ այն լրատվամիջոցին կամ հասարակական կազմակերպությանը, սակայն նախ պետք է պարզվի՝ տվյալ կազմակերպությունն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է Կառավարության սահմանած պահանջներին, թե՞ ոչ։
Այստեղ էլ առաջանում է գլխավոր խնդիրը. քաղաքացուն տրվող ընտրության հնարավորությունը կարող է սահմանափակվել իշխանության սահմանած շրջանակով։ Քաղաքացին կարող է ընտրել միայն այն կազմակերպություններից, որոնք կանցնեն գործադիրի ֆիլտրով կամ, որ նույնն է, նրանց քիմքին հաճո են գործում։

Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ նույն մեխանիզմում ներառվում են լրատվամիջոցները, հասարակական կազմակերպություններն ու քաղաքական կուսակցությունները։ Սրանք տարբեր առաքելություն, գործունեության բնույթ և հանրային դեր ունեցող կառույցներ են։ Իսկ կուսակցությունների մասը ընդհանրապես վերջին պահին է ավելացվել։
Հատկապես զգայուն է լրատվամիջոցների հարցը։ Եթե պետությունն է որոշելու, թե ինչ չափանիշներով լրատվամիջոցը կարող է դառնալ եկամտային հարկի հաշվին հատկացումների շահառու, կամ ինչպես նախարարներն են ասել, որ լրատվամիջոցն է ապատեղեկություն տարածող, որը՝ ոչ, ապա առաջանում է անկախ լրատվամիջոցների նկատմամբ հնարավոր անհավասար վերաբերմունքի և ընտրովի մոտեցման վտանգ։

Մյուս կողմից՝ նախագծում դեռևս նշված չէ, թե եկամտային հարկի կոնկրետ ինչ չափով կամ տոկոսով կարող է քաղաքացին աջակցել այդ կառույցներին։ Այդ առավելագույն չափն էլ է թողնված Կառավարության որոշմանը։
Այսպիսով, օրենսդրական նախաձեռնության առանցքային դրույթները՝ շահառուների շրջանակից մինչև հատկացումների առավելագույն չափերն ու վերահսկողության ընթացակարգերը, դեռ պետք է որոշվեն գործադիրի կողմից։

Հարց է առաջանում՝ եթե նախաձեռնության նպատակը քաղաքացիների ազատ ընտրությունն է, ինչո՞ւ օրենքով չեն ամրագրվում բոլորի համար հավասար, կանխատեսելի և չեզոք չափանիշները։ Ինչո՞ւ է այդքան լայն լիազորություն տրվում Կառավարությանը, և ի՞նչ երաշխիքներ են լինելու, որ այս մեխանիզմը չի վերածվի որոշ կազմակերպությունների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու գործիքի»։

***

«2027-ի հունվարի 1-ից, համընդհանուր հայտարարագրման համակարգով, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների՝ քաղաքացիների կողմից ֆինանսավորման համակարգ կներդնենք»,- նոյեմբերի 2-ին, բյուջետային քննարկման ժամանակ, ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով. «Քաղաքացիները, հայտարարագիրը լրացնելուց ու հաստատելուց հետո, իրենց վճարած եկամտային հարկից կարող են նվիրատվություն իրականացնել: Իհարկե հեռու ենք այն մտքից, որ համակարգի ներդրման առաջին տարին ֆինանսական մեծ հոսքեր կուղղվեն, բայց դա մեծապես կախված է նրանցից, թե կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և զանգվածային լրատվամիջոցներն ինչքանով ունեն քաղաքացիների նվիրատվության կարիքն ու անհրաժեշտությունը»:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին ԱԺ հանձնաժողովի նիստում վերոնշյալ նախագծի քննարկումներն են: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանն ասաց. «Նախատեսում ենք, որ քաղաքացիները հնարավորություն կունենան սոցիալական կրեդիտներից որոշակի գումարներ ուղղել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին: Օրենսդրական փոփոխությունը միայն ուղղությունն է նշում, մնացած դետալները՝ գումարի չափ, պահանջներ և այլն, վերապահվում է կառավարությանը»:

Նախկին պատգամավոր, խմբագիր Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Եթե օրինագծի նպատակն այն է, որ պետք է անկախ լինեն ՀԿ-ները, ԶԼՄ-ները, կուսակցությունները, բայց, միաժամանակ, ցանկը պետք է սահմանի կառավարությունը, բա էլ ումի՞ց պետք է անկախ լինեն»: Փոխնախարարն ասաց. «Որևէ բան ես չնշեցի՝ կապված, որ կառավարությունը ցանկ է սահմանել, ասացի՝ որոշակի պահանջներ կան, որոնք բովանդակության հետ կապ չունեն, այսինքն՝ պահանջներից մեկը, օրինակ, որ երկու տարի պետռեգիստրում գրանցված լինի: Բովանդակային որևէ սահմանափակում չկա»:

Թովմասյանը մյուս հարցը տեխնիկական էր. «Հայտարարատուն մտավ, բացեց, ՍՊԸ-ների ցանկ պետք է լինի, չէ՞, որ ընտրի, դա ինչպե՞ս է թարմացվելու»: Սահակյանն արձագանքեց. «Որոշակի տեղեկատվություն՝ ՊԵԿ ներկայացնելու պահանջ է լինելու, անվանում, եկամուտների, ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն, ու եթե մնացած պայմաններին (գրանցված լինի, հարկային պարտավորություն չունենա), բավարարի, կհայտնվի ցանկում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մամուլ more