▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարոտում եմ քեզ, Ապե՛ր…Նանե Արզումանյան​

Լրագրող Նանե Արզումանյանը գրառում է կատարել՝ նվիրված եղբորը, ով զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանա​կ։

«6 տարի…​

Չգիտեմ՝ ինչպես անցան այս տարիները։ Անկեղծ…չգիտեմ՝ ինչպես անցանք այս վեց տարիների միջով՝ օր առ օր, ցավը կուլ տալով, կարոտը լռության մեջ թաքցնելով, մեզ ուժեղ ձևացնելով, երբ ներսում ամեն ինչ վաղուց փլուզված էր։ Աշխարհը շարունակեց ապրել, օրացույցը՝ փոխվել, մարդիկ՝ ժպտալ, բայց մեր ներսում ժամանակը կանգ առավ այն օրը, երբ դու չվերադարձար…

Անասելի հպարտությունն այս գինն ունի՞։ Եվ եթե ունի, ո՞վ իրավունք ուներ մեզ այս գինը պարտադրելու։ Ո՞վ զգուշացրեց, որ մի օր պիտի հպարտությամբ արտասանենք քո անունը, իսկ նույն այդ անունը լսելիս սիրտներս հազար կտոր լինի։ Որ պիտի հպարտանանք քեզնով ու միաժամանակ ամեն օր սգանք այն կյանքը, որ քեզ հետ պիտի շարունակվեր։ Վեց տարի ամեն օր լացող մայր ու զուսպ հայր… Մի մայր, որի սիրտը քեզ հետ մի օր մարեց, բայց որի մարմինը շարունակում է ապրել։ Մի հայր, որ իր լռության մեջ գուցե ավելի շատ ցավ ունի, քան հազարավոր բառերի մեջ կտեղավորվեր։ Ու մենք փորձում ենք ապրել, որովհետև նրանք մեզ ունեն, որովհետև կյանքը մեզնից պահանջում է շարունակել, նույնիսկ երբ հոգու մի մասն այլևս մեզ հետ չէ։ Կարոտում եմ ուսդ, որին հենվելու այնքան կարիք ունեմ։ Քո խորհուրդները, քո խոսքը, քո ներկայությամբ եկող ապահովության զգացումը։ Այն միտքը, որ եթե աշխարհը գլխիս փլվի, դու կաս, ու ես մենակ չեմ։​

Հիմա ամեն ինչի մեջ մի բացակա կա՝ դու։ Եվ որքան էլ կյանքը նոր օրեր բերի, որքան էլ տարիներն անցնեն, կան դատարկություններ, որոնց հետ պարզապես սովորում ես ապրել, բայց երբեք չես հաշտվում։ Կարոտս տարիներով չի չափվում։ Այն ամեն օր նորից է ծնվում՝ նույն ցավով, նույն անարդարությամբ, նույն անպատասխան հարցով՝ ինչո՞ւ…

Կարոտում եմ քեզ, Ապե՛ր… Իմ Եղբայր, իմ հպարտություն, իմ չապրած վաղվա օրեր…»։​​​

Շոու-բիզնես more