▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարզի բնակիչը մեղավոր չէ, որ դուք կառավարել չգիտեք»․ Իրինա Յոլյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանության հերթական ձախողման համար հիմա էլ մարզերի բնակիչնե՞րը պետք է պատասխան տան։ Հիմա էլ որոշել են սահմանափակել մարզերի մեքենաների մուտքը Երևան։
Մարզի բնակիչը Երևան ինչո՞վ պետք է գա։
Մարդը Երևան է գալիս բժշկի․ ի՞նչ անի՝ ժամերով փողոցում սպասի՞, մի տրանսպորտից մյուսը փոխվի՞, իր հետ եղած իրերը ձեռքին քաղաքով մեկ շրջի՞, որ հասկանա՝ որտեղից որ տրանսպորտը նստի։
Քանի դեռ մարզերի բնակիչներին դուք չեք տվել արժանապատիվ, կանոնավոր և մատչելի տրանսպորտային այլընտրանք, ոչ մի իրավունք չունեք նրանց տեղաշարժը սահմանափակելու։
2021 թվականին Նիկոլ Փաշինյանի ստորագրած՝ Կառավարության N 1902-Լ որոշմամբ հաստատված 2021–2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում սևով սպիտակի վրա գրված էր․ «Հանրապետության տարածքում ներդրվելու է միասնական երթուղային ցանց»։
Տարիներ ունեիք դա իրականացնելու համար․ չարեցիք։
Հիմա ձեր իսկ չկատարած աշխատանքի հետևանքը փորձում եք դարձնել քաղաքացու խնդիրը։
Չեք ստեղծել միասնական երթուղային ցանց, չեք ապահովել մարզերից Երևան պատշաճ տրանսպորտ և հիմա ասում եք՝ քաղաքացին իր մեքենայով Երևան չգա։
Մարզի բնակիչը մեղավոր չէ, որ դուք կառավարել չգիտեք։
Դուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում»։

***

Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիանալի գաղափար է։ Ավելին, առաջարկում եմ նիկոլ ընտրած մարզի բնակիչների համար շաբաթվա մեջ մեկ օր չոքեչոք «ուխտաերթ» կազմակերպել դեպի Պռոշյանի դաչաներ, որպեսզի հնարավորություն ունենան մոտիկից ծանոթանալ այս գաղափարի քաղաքական հոր կենցաղին, օղի թորելու և խոզ խանձելու բարձրաշխարհիկ հմտություններին։
Մարզի բնակիչները ավիրյան չեն ընտրել, բայց հո նիկոլ են ընտրել. արդար ա, չէ՞, որ իրենք էլ պիտի ճաշակեն դրանց ընտրելու դառը պտուղները»։

***

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարզերից եկող ավտոմեքենաները թողնել Երևանի մուտքի մոտ, շարունակել ճանապարհը ավտոբուսով․ սա Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի «հոյակապ» առաջարկն է՝ մայրաքաղաքում առաջացած տրանսպորտային ճգնաժամը հաղթահարելու համար։
Ահա այսպես է Երևանի քաղաքապետարանը պայքարում խցանումների դեմ․ ոչ թե երթևեկության կազմակերպման արդյունավետ լուծումներ գտնելով, այլ քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու գաղափարներ առաջ քաշելով։
Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը։ Նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար։ Եվ ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները, որոնք Երևան են գալիս աշխատանքի, ուսման կամ այլ անհրաժեշտություններից ելնելով։ Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցում։
Բացի այդ, ինչպե՞ս եք որոշելու՝ ով է մարզաբնակը, ով՝ երևանցին։ Եթե, օրինակ, երևանաբնակը մարզից վերադառնա մայրաքաղաք, ի՞նչ է, ստիպելու եք ավտոբուս նստի՞։
Իսկ գիշե՞րը ինչպես է կարգավորվելու խնդիրը, երբ հանրային տրանսպորտը չի աշխատում։
Ստացվում է՝ մայրաքաղաքի բոլոր հիմնախնդիրների համար մեղավոր է հենց բնակչությունը։ Օդի աղտոտվածության հարցում էլ «պատասխանատուն» Արգիշտի թագավորն է, որը քաղաքի հիմնադրման համար ընտրել է հենց այս տարածքը։
Մեր հայրենակիցները կհիշեն քաղաքապետի հոր խոսքերը. «Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»: Գուցե քաղաքի մուտքի ուղեփակոցների մոտ հենց այս խոսքերի հեղինակն էլ իրականացնի այդ գործառույցը։
Իրականում, հենց նման վերաբերմունքի հանդեպ տարիներ շարունակ դրսևորված հանդուրժողականության պտուղներն ենք քաղում այսօր։ Ամեն օր կայացվում են որոշումներ, որոնք ոչ թե լուծում են առկա խնդիրները, այլ սահմանափակում մեր հայրենակիցների իրավունքները։
Արդյունք չտվեցին ո՛չ երեխաներին վաղ առավոտյան դպրոց ուղարկելու որոշումը, ո՛չ էլ «կարմիր գծերի» վճարների թանկացումը։ Իսկ հիմա հերթը հասել է մարզաբնակ քաղաքացիներին։
Այսօր մարզաբնակ մեր հայրենակիցներն են, իսկ վաղը ո՞ւմ հերթն է հասնելու։ Ի՞նչ նոր անհեթեթ սահմանափակում է հորինելու իշխանությունը՝ սեփական կառավարման ձախողումների պատասխանատվությունը քաղաքացիների վրա բարդելու համար։
Երևանը տրանսպորտային ճգնաժամից դուրս բերելու համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ, ոչ թե քաղաքացիների իրավունքները սահմանափակող և հանրության ներսում լարվածություն ստեղծող առաջարկներ։
Մի բան հստակ է․ յուրաքանչյուր նման «առաջարկ» ավելի է խորացնում հանրային դժգոհությունը։ Մարդիկ համոզվում են, որ չընտրված քաղաքապետն իր թիմով տապալել է քաղաքի կառավարումը։ Մեր սիրելի մայրաքաղաքը փրկել է պետք անգրագետ կառավարումից և ապիկար քաղաքային իշխանություններից»։

Հասարակություն more