▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաստերը ներկայացվում են աղավաղված մեկնաբանություններով». ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տարակուսանք է հայտնում վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ, որոնցում մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի արտահանման հերթական դեպքի բացահայտման վերաբերյալ փաստերը ներկայացվում են աղավաղված մեկնաբանություններով՝ անհարկի ստվերելով ՊԵԿ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքը։

Մասնավորապես, հարկ ենք համարում ընդգծել, որ նշված դեպքը բացահայտվել է ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված հսկողական աշխատանքի արդյունքում։ Հետևաբար, բացահայտման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ լրատվամիջոցի հղում կատարելու անհրաժեշտություն կամ հիմք չի եղել։ Ավելին, դեպքի վերաբերյալ տեղեկատվական նյութերը պատրաստվել և մոնտաժվել էին հրապարակումից դեռ օրեր առաջ, սակայն, հաշվի առնելով ՀՀ-ում անցկացվող կարևոր միջոցառումները, դրանց հրապարակման համար ընտրվել է առավել պատեհ ժամանակահատված։ Ուստի բացահայտման հանգամանքները լրատվամիջոցների հրապարակումների հետ պայմանավորելու փորձերը զուրկ են փաստական հիմքից։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի տեղափոխման դեպքերի բացահայտումները ՊԵԿ ստորաբաժանումների ամենօրյա, հետևողական աշխատանքի արդյունք են և վերոնշյալ դեպքը բացառություն չէ։ Դրանում համոզվելու համար բավարար է այցելել ՊԵԿ պաշտոնական կայք և «ծխախոտ» բանալի բառով որոնում կատարել՝ ծանոթանալու նմանատիպ բազմաթիվ հրապարակումների։ Հետևաբար, առանձին դեպքի բացահայտումը որպես լրատվամիջոցների հրապարակումների հետևանք կամ սենսացիա ներկայացնելը ոչ միայն չի արտացոլում իրականությունը, այլև անտեսում է մաքսային ծառայության շարունակական աշխատանքի արդյունքները։

ՊԵԿ

Հասարակություն more