▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձագետը Աննա Հակոբյանին խորհուրդ է տալիս կրթել իրենց օրոք նշանակված պաշտոնյաներին

Առողջապահության ոլորտի փորձագետ, «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը Աննա Հակոբյանին է արձագանքել․

«Աննա Հակոբյանը կրթվելու կոչ է անում։ Սկսենք ձեր իշխանության օրոք նշանակված պաշտոնյաներից։

Աննա Հակոբյանը խոսում է վախի մթնոլորտի մասին և բացատրում, որ տգիտության հետևանք է թե՛ վախի մթնոլորտ ստեղծելը, թե՛ վախենալը։

Տիկի՛ն Հակոբյան, հրաշալի միտք է։ Առաջարկում եմ այն փորձարկել առողջապահական համակարգում։ Ոչ թե տեսականորեն, այլ՝ իրական կյանքում։

Ամեն օր բազմաթիվ նամակներ եմ ստանում բուժաշխատողներից։ Եվ գիտե՞ք՝ այդ նամակների մոտ 99%-ի դեպքում ինձ խնդրում են չհրապարակել իրենց անունները կամ ընդհանրապես չհրապարակել նամակը, որովհետև վախենում են աշխատանքը կորցնելուց։

Այս մարդիկ այնքան են «տգետ», որ գիտեն՝ իրենց աշխատավարձից են ապրում, ընտանիք են պահում, իսկ աշխատանքը կորցնելու դեպքում գեղեցիկ գաղափարներով ու ժողովրդավարության մասին ճառերով իրենց սառնարանը չեն լցնելու։

Ուրեմն,  Աննա Հակոբյան, մի հարց․ բուժաշխատողը տգե՞տ է, որովհետև վախենում է, թե՞ պարզապես հասկանում է, թե ինչ կարող է պատահել իր հետ, եթե համարձակվի բարձրաձայնել։

Եվ ամենակարևորը՝ ո՞վ է ստեղծում այդ վախը։

Արդյոք բուժաշխատողներն առավոտյան արթնանում են, որոշում վախենալ և հետո անանուն նամակնե՞ր են գրում ինձ։ Թե՞ կան տնօրեններ, որոնց հետ հարաբերություններում մարդիկ այնքան ապահով չեն զգում, որ նույնիսկ իրենց անունը հրապարակելուց են հրաժարվում։

Խոսքը, մասնավորապես, այն ղեկավարների մասին է, որոնց նշանակումների քաղաքական հանգամանքների և կառավարման գործելակերպի վերաբերյալ հարցեր են առաջանում։

Եվ եթե, ինչպես ասում եք, տգետ են և՛ վախեցնողները, և՛ վախեցողները, ապա առաջարկս շատ պարզ է։ Կազմակերպե՛ք կրթական դասընթացներ։ Բայց ոչ թե բուժաշխատողների, այլ այս իշխանության օրոք նշանակված բժշկական կենտրոնների տնօրենների համար։

Ցանկում չմոռանա՛ք ներառել նաև Առողջապահության նախարարության պաշտոնյաներին, մարզպետներին, մարզպետարանների առողջապահության ոլորտի պատասխանատուներին և քաղաքային իշխանությունների համապատասխան պաշտոնյաներին։

Դասընթացի թեման էլ պատրաստ է՝ «Ինչպե՞ս ղեկավարել մարդկանց՝ առանց նրանց աշխատանքը կորցնելու վախով լռեցնելու»։

Գուցե առանձին մոդուլ էլ լինի՝ «Աշխատակիցը մարդ է, ոչ թե տնօրենի անձնական սեփականությունը»։

Իսկ ավարտական քննության հարցը թող լինի հետևյալը․

«Ինչպե՞ս տարբերել հարգանքի վրա հիմնված ղեկավարումը վախի վրա հիմնված կառավարումից»։

Հ․Գ․ Պայքարենք տգիտության դեմ՝ հատկապես պարգևավճարներով ու բարձր աշխատավարձերով օրհնված տգիտության, որը պաշտպանված է պաշտոնով , իսկ պատասխանատվությունից՝ ապահովագրված»։

Դիտեք նաև՝

***

Հասարակություն more