▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

Անվտանգսնունդ․am-ը գրում է․ Պատկերացրեք՝ մեկ տարի առաջ դուք իմացաք, որ ձեր սննդակարգի մաս կազմող միրգն ու բանջարեղենը պարունակում են շատ թունաքիմիկատներ, և ձեր շրջապատի ամեն 5-րդ մարդ մտահոգության շեմում է։

Ի՞նչ կանեիք դրանից հետո։ Կսպասեի՞ք, որ պատասխանատու պետական մարմիններն օգտագործեն այդ հետազատությունը, գտնեն պատճառներն ու միջոցներ ձեռնարկեն ռիսկերը նվազեցնելու համար։

Մենք էլ էինք դրան սպասում։ Հատկապես, երբ մեր հետաքննությանը հաջորդած ասուլիսում Սննդամթերքի անտվտանգության տեսչական մարմինը նշեց, որ հայտնի են նաև 2024թ. մոնիթորինգի արդյունքները, մնում է վերլուծել։

Արդյունքներ, որոնք ՍԱՏՄ-ն մեզ 1,5 տարի այպես էլ համառորեն չտրամադրեց՝ դրանք ռիսկերի հաշվարկում ներառելու համար, և որոնք 2026թ. օգոստոսին, ի վերջո, գտանք ՍԱՏՄ-ի կայքի ենթաբաժիններից մեկում։

Եվ դրանք ամենևին էլ այն մասին չէին, որ հանրային առողջապահական ռիսկերը գոնե մի քիչ նվազել են։ Ընդհակառակը, Հայաստանի 4 հիմնական գյուղատնտեսական մարզերում պատկերն ավելի էր վատացել. թունաքիմիկատներից բացի, հայտնաբերվել էին նիտրատների գերազանցումներ և ծանր մետաղներ։

Ինչու՞ էր 2025-ին ՍԱՏՄ-ն պնդում, որ «Հայաստանում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն հանրությունը կարող է հանգիստ ուտել», եթե այդ ժամանակ արդեն իսկ ուներ այս տվյալները։

Ինչու՞ չօգտագործեց մեր կողմից իրականացված նախորդ մոնիթորինգների ռիսկերի հաշվարկը, ինչո՞ւ չտրամադրեց 2024-ինը, որ կարողանայինք դա էլ վերլուծել։

Ի վերջո, ինչպիսի՞ն է մեր «առողջ ափսեն» մեկ տարի անց։ 

Եկեք պարզենք։

Ի՞նչ էինք պարզել 2025թ.-ին, երբ, ըստ ՍԱՏՄ-ի, «իրավիճակը սարսափելի» չէր

2025թ.ի մեր հետաքննությունը սկսվել էր ՍԱՏՄ-ի 2019 և 2021 թվականների մոնիթորինգների «մտահոգիչ» արդյունքների մասին հաղորդագրությունից։ Այդ երկու ստուգումների ընթացքում փորձաքննվել էր ընդհանուր 30 տեսակի միրգ-բանջարեղենի 340 նմուշ, և եթե 2019-ին խախտումներ չէին հայտնաբերվել միայն ծիրանի, նռան ու հնդկաձավարի նմուշներում, ապա 2021-ին պատկերը վատացել էր․ թունաքիմիկատների մնացորդային քանակների գերազանցումներ եղել էին փորձաքննված բոլոր նմուշներում

Երկու մոնիթորինգների ընթացքում տարբեր նմուշներում փորձաքննվել էր ընդհանուր 34 թունաքիմիկատ, որոնցից 21-ը կամ 60%-ը հայտնաբերվել էր առնվազն 1 նմուշում։

Քլորպիրիֆոս, բիֆենտրին, դիմետոատ, ցինեբ և տասնյակ այլ դժվար հիշվող անուններն այն թունաքիմիկատներն են, որոնք մենք այս տարիների ընթացքում կերել ենք խնձորի, ծիրանի, խաղողի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, ձմերուկի հետ։

2019թ.ին, օրինակ, բիֆենտրին էր հայտնաբերվել խաղողի բոլոր 15 նմուշներում, սալորի 7 նմուշներից 6-ում և ձմերուկի ամեն 2-րդ նմուշում։ 

«Բիֆենտրինը միջատասպան թունաքիմիկատ է, արգելված՝ ԵՄ երկրներում։ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (U.S. Environmental Protection Agency (EPA)) բիֆենտրինը դասակարգել է՝ որպես C կարգի հնարավոր քաղցկեղածին նյութ. այս գնահատականը հիմնված է մկների մոտ միզապարկի ուռուցքների, արու մկների մոտ՝ լյարդի ադենոմայի և ադենոկարցինոմայի, ինչպես նաև՝ որոշ էգ մկների մոտ թոքերի բրոնխոալվեոլային ադենոմաների և ադենոկարցինոմաների աճի մակարդակի վրա.  EPA 2011թ. հաշվետվության մեջ նշում է, որ բիֆենտրինի՝ կենդանիների վրա որոշ փորձերում կարող է նկատվել քաղցկեղածին ակտիվություն (հատկապես լյարդի բջիջներում և միզապարկում). մարդկանց վրա ռիսկը համարվում է դեռևս ցածր։

Սալորի գրեթե բոլոր նմուշներում, խնձորի՝ ամեն 2-րդ և լոբու՝ ամեն 5-րդ  նմուշում հայտնաբերվել էր դիմետոատ։

Դիմետոատը ֆոսֆորօրգանական թունաքմիկատ է. որն արգելված է ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում։  ԵԱՏՄ երկրներում, Չինաստանում, Հնդկաստանում ու մի շարք այլ զարգացող երկրներում արգելված չէ, սակայն՝ թույլատրելի առավելագույն մակարդակների խիստ վերահսկողությամբ։

Դիմետոատը չունի հստակ միջազգային դասակարգում՝ որպես քաղցկեղածին, սակայն կան մի շարք հետազոտություններ, որոնք փաստում են դիմետոատի ու քաղցկեղի, մասնավորապես, ոչ Հոջկինի լիմֆոմայի և լեյկեմիայի առաջացման կապի մասին։

Բացի այդ, դիմետոատը կարող է նաև վնասել ԴՆԹ-ն։

Կամ, 2021թ.ին ամենահաճախ հայտնաբերված թունաքիմիկատներից էր քլորպիրիֆոսը․ այն հայտնաբերվել էր տաքդեղի ամեն 2-րդ, վարունգի և դեղձի ամեն 3-րդ,, ձմերուկի, սեխի ու սմբուկի ամեն 4-րդ, կարտոֆիլի և ծիրանի ամեն 5-րդ, խաղողի ամեն 6-րդ նմուշում։

Միայն խնձորի 18 նմուշում փորձաքննված 10 թունաքիմիկատներից 8-ը հայտնաբերվել էր։

Քլորպիրիֆոս — նույնպես ֆոսֆորօրգանական թունաքիմիկատ է, շուկայում հայտնվել է 1960-ականներին։ Ունի ազդեցության լայն շրջանակ, սպասման համեմատաբար կարճ ժամկետ, պահպանում է բույսը վնասատուներից անգամ կիրառումից շաբաթներ անց, ինչի շնորհիվ առաջատար դիրքեր է գրավել շուկայում։ Սա բույսերի պաշտպանության տեսակետից արդյունավետ է, սակայն սննդամթերքի անվտանգության առումով՝ կարող է մտահոգություններ առաջացնել։

Եվրոպական քիմիական գործակալությունը (European Chemicals Agency,  ECHA) քլորպիրիֆոսը դասակարգել է` որպես վնասակարության 2-րդ դասի նյութ, ինչի հիման վրա ԵՄ-ն արգելել է դրա կիրառումը։ 

ԵԱՏՄ-ում և զարգացող երկրներում քլորպիրիֆոսը դեռ կիրառվում է՝ մնացորդային քանակների խիստ վերահսկողությամբ, մինչդեռ Կանադան, ԱՄՆ-ն և եվրոպական երկրները այն ամբողջությամբ արգելել են։

Թեև քլորպիրիֆոսը հստակ դասակարգված չէ, որպես քաղցկեղածին, բայց կան առանձին հետազոտություններ, որոնք վկայում են, որ կապ կա դրա և թոքերի քաղցկեղի ռիսկի բարձրացման միջև . քլորպիրիֆոս առավել հաճախ օգտագործողների մոտ թոքերի քաղցկեղի հարաբերական ռիսկը գրեթե կրկնակի բարձր է եղել՝ համեմատած չօգտագործողների հետ։

«Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի մասնագետները կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանի գլխավորությամբ՝ իրականացրել էին ռիսկերի վերլուծություն, որի արդյունքնում պարզվել էր նաև, որ միայն խնձոր ու կարտոֆիլ ուտելով՝ մարդիկ ստանում են քլորպիրիֆոսի օրական թույլատրելի շեմի գրեթե 40%-ը, իսկ ուսումնասիրության մեջ ներառված 10 մթերքներ ուտելու դեպքում այդ թիվը դառնում է 45.63%։

Իսկ ամենակարևոր բացահայտումն այն էր, որ միրգ-բանջարեղենի սպառման այն թվերով, որը կա Հայաստանում, բնակչության մոտ 20%-ը՝ կամ ամեն 5-րդը մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսանկյունից։

Ի՞նչ արեց ՍԱՏՄ-ն այս վերլուծությունից հետո։ Օրեր անց պարզաբանում տարածեց՝ նշելով, որ Հայաստանում կա մոտ 350 000 գյուղացիական տնտեսություն և խախտումների հավանականությունը չի կարելի ամբողջությամբ բացառել, իսկ դրան հաջորդած ասուլիսում Բուսասանիտարիայի պետ Արթուր Նիկոյանն ասաց, որ «Հայաստանի Հանրապետությունում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն մեր հանրությունը կարող է հանգիստ ուտել»։

«Աշխատելու տեղ ունենք, բայց չի կարելի ասել, թե սարսափելի է»,-նշեց նա, և դրանից մոտ մեկ տարի հետո էլ ՍԱՏՄ-ն մեզ այդպես էլ չտրամադրեց նոր մոնիթորինգի արդյունքները։

Ինչու՞, գուցե իրավիճակը, այնուամենայնիվ «սարսափելի՞ էր»։

Ինչու՞ ՍԱՏՄ-ն մեզ չտրամադրեց 2024-ի տվյալները


Հարցի պատասխանը ստանալու և տվյալների վերլուծությունն սկսելու համար, եկեք վերադառնանք 2024թ. սեպտեմբեր։

Սեպտեմբերի 17-ին ՍԱՏՄ-ն հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Հայաստանի բոլոր մարզերի գյուղացիական տնտեսություններից պատահականության սկզբունքով իրականացնում է բուսական ծագման մթերքների նմուշառում։

Դեռևս նախորդ տարի՝ 2025թ. փետրվարին, երբ մենք ցանկանում էինք գիտական կենտրոնի հետ ռիսկերի հաշվարկ իրականացնել, ՍԱՏՄ-ին խնդրեցինք տրամադրել նաև 2024թ.ի մոնթիորինգի տվյալները, ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ «արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, ավարտին կհասցվեն մեկ ամսվա ընթացքում»:

Մեկ ամսից մենք նորից դիմեցինք ՍԱՏՄ՝ հիշեցնելով, որ ժամկետը լրացել է, սակայն մեզ պատասխանեցին, որ լրացուցիչ աշխատանք պետք է իրականացնեն։

«Ձեր հարցումը պահանջում է լրացուցիչ աշխատանք, այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում»,- հայտնեց ՍԱՏՄ-ն 2025թ. մարտի 27-ին։ 

2025թ. հունիսի նույնպես նմանատիպ պատասխան ստացանք.

«2024թ. մոնիթորինգի արդյունքները դեռ ամփոփված չեն, կտրամադրվեն պատրաստ լինելուն պես»,-հայտնել էին ՍԱՏՄ-ից։

Մեկ տարի անց՝ 2026թ. հուլիսին, մենք նորից հարցում ուղարկեցինք ՍԱՏՄ՝ խնդրելով տրամադրել 2024թ.-ի տվյալները, սակայն նորից ստացանք նույն պատասխանը՝

«Լաբորատոր հետազոտության արդյունքները դեռևս ամփոփված չեն»։

Իսկ արդեն օգոստոսին, ի վերջո, մենք գտանք այդ արդյունքները։ 

Ի՞նչ են ցույց տալիս 2024թ. մոնիթորինգի տվյալները, որոնք ՍԱՏՄ-ն մեզ 1,5 տարի այդպես էլ չտրամադրեց։

Թունաքիմիկատի գերազանցում ամեն 2-րդ նմուշում

2024թ.ին փորձաքննության է ենթարկվել 179 նմուշ միրգ-բանջարեղեն և 19 նմուշ եգիպտացորեն՝ նաև ԳՁՕ (գենետիկորեն ձևափոխված օրգանիմներ, հեղ.) ստուգելու համար։

Փորձաքննվել է ընդհանուր 12 տեսակի միրգ- բանջարեղեն. խնձորը, դեղձը, սալորը, ելակը, խաղողը, ձմերուկը, սեխը, կարտոֆիլը, լոլիկը, վարունգը, տաքդեղն ու սբմուկը։ Բացի ելակից, բոլորը մթերքները փորձաքննվել էին նաև 2019 և 2021թթ.ին, և բոլորում խախտումներ էին հայտնաբերվել։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հասարակություն more