|
Հոկտեմբերի 17-ին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում վրիպել էր՝ նրան անվանելով Ղազախստանի նախագահ: Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից: Ասում են՝ հեռացման պատճառը վերոնշյալ միջադեպն է եղել: Փաշինյանը տեքստը կարդում էր պրոտոկոլի՝ իրեն տրված թղթից և, ըստ լուրերի, հավանաբար աշխատակազմի շփոթմունքի պատճառով վարչապետը սխալ է ընթերցել ու աշխատանքից ազատել արարողակարգի պետին: *** «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ երեկ աշխատանքից ազատվեց Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, որն այդ պաշտոնում վերանշանակվել էր օգոստոսի 28-ին՝ ընտրություններից հետո ձևավորված նոր կառավարությունում։ Գագիկ Վանոյանը ղեկավարում է Պետական արարողակարգի ծառայությունը, որի գործառույթների մեջ է պետական մակարդակով պաշտոնական այցերի, ընդունելությունների և արարողակարգային միջոցառումների կազմակերպումը։ Թեպետ պաշտոնապես չհաղորդվեց պաշտոնանկության պատճառների մասին, սակայն կառավարության աղբյուրները հայտնում են, որ Վանոյանի հեռացման պատճառը COP17 միջոցառման կիքսն է. այդ օրը Հայաստան ժամանած Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Փաշինյանն անվանեց Ղազախստանի նախագահ, նա կարդում էր պրոտոկոլի՝ իրեն տրված թղթից: Հավանաբար, աշխատակազմն էր շփոթել, ինքն էլ մեխանիկորեն կարդում էր՝ հարուցելով նախագահ Ժապարովի զարմանքը, որը նկատելի է տեսանյութերում, և որն աղմուկի տեղիք տվեց։ Այս 8 տարում արարողակարգի մեծ թվով ղեկավարներ են կառավարությունում փոխվել` այս պաշտոնյան մշտապես քավության նոխազի դերում է»։ *** «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է արարողակարգի պետ Գագիկ Վանոյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ որոշում է կայացրել՝ իր արարողակարգի պատասխանատու Գագիկ Վանոյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Ըստ «Ազատության» տեղեկությունների՝ միջադեպի պատճառը պաշտոնական ելույթի ընթացքում թույլ տրված վրիպակն է եղել։ Կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ հոկտեմբերի 18-ին COP17-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստը ներկայացնելիս Ղրղզստանի նախագահին սխալմամբ ներկայացրել են որպես Ղազախստանի նախագահ։ Նշվում է, որ միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձել է և, դժգոհություն հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ, որոշում կայացրել Գագիկ Վանոյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս տեղեկությունը լարվածություն և զարմանք է առաջացրել կառավարության ներսում։ Աղբյուրները Գագիկ Վանոյանին բնութագրում են որպես ակտիվ, պատրաստակամ և իր աշխատանքին պատասխանատու մոտեցող երիտասարդի՝ նշելով, որ նման վրիպակի պատճառով պաշտոնից ազատելու որոշումը բոլորի համար շատ անսպասելի է եղել։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսին էր Գագիկ Վանոյանին վերանշանակել այդ պաշտոնում»։ |
Վանոյանի պաշտոնանկության պատճառը վրիպա՞կն էր
Հասարակություն more
more
more
more
more
more
more


