▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդության քննությունը կշարունակվի առանց նրա

«Նիստը շարունակվում է։ Բժիշկները ճիշտ համարեցին, որ նա հիվանդանոցում լինի, դահլիճում չգտնվի։ Փաստաբանները կշարունակեն, կարծում եմ՝ մինչև առավոտ որոշումը դատարանն արդեն կունենա»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտնեց Լևոն Քոչարյանը։

Քոչարյանը դատարան էր տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, որտեղ երեկ էր տարվել Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննության ընթացքում ինքնազգացողության վատացումից հետո։ Նա մոտ 2 շաբաթ առաջ սրտի ստենտավորում է ունեցել։

***

 

«Այս դեպքը վերաբերում է 2018թ․ բացահայտված տվյալներին․․․ Ո՞նց կարող է 2026 թվականին այնպիսի ինտենսիվություն լինել, որ կալանքի հարց էլ առաջանա»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Վարդևանյանը։

Նա նաև ընդգծեց, որ ակնհայտ է՝ վաղեմության ժամկետի խնդիր էլ կա։ «Առնվազն գործի մի մասի վաղեմության ժամկետն անցած է։ Ես այստեղ իրավական բացատրություն չեմ տեսնում։ Երբ նայում ենք նախորդիվ հնչած քաղաքական հայտարարությունները՝ գործադիր իշխանության ղեկավարի կողմից ուղիղ ցուցումների տրամաբանության ներքո, տեսնում ենք՝ այստեղ քաղաքական բաղադրիչն այն աստիճան ակնհայտ է, որ չեմ կարծում, թե որևէ մեկը դա հերքի։ Նույնիսկ քաղաքական իշխանության ներկայացուցիչներն էլ են հաստատում, որ այստեղ քաղաքական բաղադրիչը կա։ Այ սա իսկապես անհանգստացնող երևույթ է»,- հավելեց Վարդևանյանը։

Դիտեք նաև՝ 

***

Ակտիվիստ Վարդգես Գասպարին հայտնվեց Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ ձեռքին լուսանկար, իրավիճակը լարվեց, ոստիկանները միջամտեցին։ Գասպարին փորձեց ակցիա իրաանացնել՝ իրեն բնորոշ մեթոդով՝ պառկելով գետնին։

Ոստիկանները նրան հեռացրին։

***

«Մենք հասել ենք մի փուլի, երբ ամենևին պարտադիր չէ, որ մարդը զբաղվի քաղաքական գործունեությամբ, բավարար է լինել այլախոհ, և ձեզ սպառնում է հայտնվել այս կամ այն դատական ատյանների դահլիճներում և ստանալ կալանքի մասին որոշում»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ «Ես կարծում եմ՝ հապաղելու տեղ չկա, պետք է ճանապարհային հստակ քարտեզ մշակվի և քաղաքական քայլերով կանխվի այս «բեսպրեդելը»։ Այլևս իրավական այնպիսի նիհիլիզմ է, որ որևէ իրավական գործընթաց տրամաբանության և բարոյականության մեջ չի տեղավորվում»,- հավելեց պատգամավորը։

***

Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ դուք գիտեի՞ք, որ ԱԱԾ-ն գալու է ձեր տուն՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Ուզում եմ հողրդում տալ այս առումով, ես գիտեի, որ գալու են մեր տուն, և դա իմացել եմ Նիկոլ Փաշինյանից։ Նա այդ մասին խոսել է թե՛ նախընտրական շրջանւմ, թե՛ հատկապես վերջերս՝ ԱԺ ամբիոնից, այնպես որ առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով, որ նախօրոք տեղեկություն է հայտնել՝ գործով՝ մանրամասների հետ կապված․․․ Իհարկե չգիտեինք, որ հենց հաջորդ օրն են գալու, բայց ոչ միայն Փաշինյանի, այլ նաև մյուս ՔՊ-ականների խոսույթն ու սպառնալիքները վկայում էին, որ ինչ-որ գործընթաց կա՝ հորս հետ կապված, երբ որ ապօրինի չթողեցին երկրից մի քանի օրով բացակայել, այսինքն՝ հասկանում էինք, որ ինչ-որ բան եփվում է»։

***

Լևոն Քոչարյանը «խոստովանեց»` նախապես իմացել է իրավապահների՝ իրենց տունը խուզարկելու մասին

«Ես ուզում եմ հանցագործության մասին հաղորդում տալ․ իսկապես գիտեի, որ գալու են, ու դա իմացել եմ Նիկոլ Փաշինյանից։ Ինքն այդ մասին խոսել է թե՛ նախընտրական շրջանում, թե՛ հատկապես վերջում ԱԺ ամբիոնից։ Այնպես որ առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով, որ նախօրոք տեղեկություն է հայտնում գործով մանրամասների հետ կապված»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդի, «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։

Նա նաև նշեց, որ այսօր արդարադատությունից մեծ ակնկալիք չունի։
Նշենք, որ դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության հարցը:

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

***

«Քանի որ հրամանն արդեն իջեցված է, դատավորները փորձելու են հնարավորինս արագ ժամկետների մեջ տեղավորվել, որպեսզի բավարարեն Նիկոլ Փաշինյանի՝ բոլորին նստեցնելու կրքերը, այսինքն՝ պատվերները պետք է կատարեն»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ ընդգծելով, որ տեղի են ունենում պետական համակարգի ակնհայտ ոչնչացման դրսևորումներ։

«Ակնհայտ է, որ սրանք ուղիղ ռեպրեսիաներ են քաղաքական ընդդիմադիր դաշտի նկատմամբ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը՝ նկատելով, որ այս ամենի վերաբերյալ ԵՄ երկրները դիրքորոշում չեն հայտնում, քանի որ Նիկոլ Փաշինյանը ներքին ռեպրեսիաներ իրականացնելու ինդուլգենցիա է ստացել ԵՄ-ից։

***

«Ռոբերտ Քոչարյանը բերվել է դատարան, որովհետև կալանքի միջնորդությունը և ձերբակալված անձը միաժամանակ պետք է ներկայացվեն դատարան»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արա Օրբելյանը։

Նա նաև հայտնեց, որ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին, այն կքննվի այսօր 20․30-ին։

«Նյութերը նոր ենք ստացել, չենք հասցրել ծանոթանալ»,- հավելեց փաստաբանը՝ նաև ընդգծելով․ «Ամեն գնով ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին տանեն կալանքի»։

***

Թարմացում․ Ռոբերտ Քոչարյանի գործը նոր է ներկայացվել Հայակոռուպցիոն դատարան, դեռ դատավորի չի նշանակվել, - հայտնեցին դատարանից։

Թարմացում․ «Հայտնում ենք, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռ.Ք.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Ռ.Ք.-ն ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան»,–նշում են Հակակոռուպցիոն դատարանից։

***

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում Ռ. Քոչարյանի ինքնազգացողությունը երեկ վատացել էր: ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր հիվանդանոցում»:

***

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքուն դատում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ այդ թվում Արցախի Հանրապետության բոլոր ժամանակների նախագահներին։
Հայաստանում հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Քաղաքական պատվերը տվել է անձամբ Փաշինյանը․․․
Ռոբերտ Քոչարյանը և ընտանիքը ենթարկվում են աննախադեպ քաղաքական հալածանքների։
Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է։
Այսօր, 21։00–ին լինելու եմ Կոռուպցիոն դատարանում՝ պաշտպանելու երկրի արժանապատվությունը»։

Հասարակություն далее