▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամայի տարածքների փոխարեն կարող են լինել հազարավոր հեկտարներով այգիներ, բայց մենք այդ խնդիրն ի վիճակի չենք լուծել»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ:
Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովին հանդես եկա ելույթով»։

Տեսանյութում Փաշինյանն ընդգծում է․ «Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը խմելու ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի: Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը ոռոգման ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի: Այսօր Հայաստանում վարելահողերի և այգիների, տնկարկների միայն փոքր մասն է, որ հասանելիություն ունի ոռոգմանը, այսինքն, ըստ էության, մեր վարելահողերի մեծ մասը ընդհանրապես ոռոգմանը հասանելիություն չունի: Այն հատվածում, որտեղ կա ոռոգում, առանձին անդրադարձի թեմա են ոռոգման տեխնոլոգիաները և որակը: Եթե 21-րդ դարի չափանիշներով նայենք այն ջրաքանակը, որ անհրաժեշտ է տասնյակ հեկտարներով այգիներ ոռոգելու համար, այդ ջրաքանակը մենք օգտագործում ենք մի քանի հեկտար այգի ոռոգելու համար: Սա է պրոբլեմի հաջորդ կարևորագույն հատվածը: Մենք այսօր հանրապետությունում տեսնում ենք հազարավոր հեկտարներով ամայի հողատարածքներ, ակնհայտ է, որ այդտեղ կարող են լինել հազարավոր հեկտարներով այգիներ, որտեղ կարելի է ստանալ տասնյակ հազարավոր տոննաներով բերք, բայց մենք այդ խնդիրը ի վիճակի չենք լուծել:

Հաջորդ գլոբալ պրոբլեմը, որի հետ մենք առնչվում ենք․ օգտագործված ջրի մաքրումը ոչ թե կանոն է, այլ՝ կանոնից հիմնականում բացառություն, և ակնհայտ է նաև, որ ջրի օգտագործման այսպիսի որակը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև այն իր հետ բերում է հետևանքներ․․․ Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն»։

***

«Ջրային ոլորտում խնդիրների մի հսկայական հատվածը կապված է մեր ընդհանուր քամահրական վերաբերմունքի հետ ջրի նկատմամբ»,- այս մասին այսօր Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ դրսևորվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «դե ջուր ա էլի, ի՞նչ առանձնահատուկ բան կա»․․․ Այսօր Հայաստանում ջրի սակագները արտահայտում են մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ։ Մենք ապրում ենք Հայաստանում, որը խորհրդային հետագիծ ունի, որտեղ արձանագրված է եղել, որ ջուրը ձրի է կամ շատ էժան է․․․

Իմ նշած պրոբլեմների մի զգալի մասը, ներառյալ խմելու ջրի մատակարարման քանակի և որակի հետ կապված, Խորհրդային Միությունում էլ են եղել։ Իմ նշած շղթան մենք չենք ամբողջացնի, եթե այս ամեն ինչի հիմքում չլինի համակարգի ծախսարդյունավետության բանաձևի որոշումը։

Նախ պետք է օբյեկտիվ սակագին որոշել և անդրադառնալ, թե այդ սակագնի որ մասը, ով ինչպես պետք է վճարի։ Այսինքն՝ սակագինը մի խնդիր է, սակագնի վճարման բանաձևերը երկրորդ խնդիրն են։

Մենք նաև պետք է ի վերջո ջրի շուկան ազատականացնենք։ Այսօր մենք ոռոգման ոլորտում գին ենք սահմանել, որի ուղիղ կեսը կառավարությունը սուբսիդավորում է, բայց սահմանված գինը չի արտահայտում իրականությունը։ Մենք պետք է նաև կարողանանք ջրի շուկա ձևավորել, և սա է այն բարեփոխումը, որը նաև ջրային ոլորտում մասնավոր ներդրումների խթան կհանդիսանա»,- ընդգծել է Փաշինյանը։

***

Կարդացեք նաև՝ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու։
Սրանք են այն «հանճարեղ» առաջարկները, որոնք հնչեցրել է վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովին։
Իսկ իրականում, այս ելույթը ոչ թե ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մասին էր, այլ անոնսն էր ջրի սակագնի առաջիկա թանկացման։
Նշեմ, որ արդեն հինգ տարուց ավելի բարձրաձայնում եմ ջրային ռեսուրսների խայտառակ կառավարման մասին՝ ներկայացնելով առաջարկներ, որոնք իսկապես կարող էին բարեփոխել ոլորտը։
Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում ջրային պաշարների ահռելի կորուստները կանխելու ուղղությամբ։ Փոխարենը՝ տիրազուրկ խորքային հորերի ջրերը ծառայում են Թուրքիային ու Ադրբեջանին։ Բազմիցս բերել եմ նաև Իջևանի՝ անուշադրության մատնված «Սպիտակ լիճ» ջրամբարի օրինակը, որը փոքր֊ինչ բարեկարգման պարագայում կարող էր ծառայել տավուշեցիներին։ Աղստև գետի ջուրը ևս կարող էր օգտագործվել ոռոգման նպատակներով։ Նշեմ, որ միայն Տավուշի մարզում 25.394 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է ընդամենը 3.695 հա-ն: Իհարկե լավ կլինի, եթե մարդիկ փոխեն իրենց վարքագիծը՝ անհարկի չօգտագործելով ջուրը, բայց չմոռանանք, որ Հայաստանի շատ ու շատ համայնքներում մեր հայրենակիցները ընդամենը մի քանի ժամով են կարողանում օգտվել ջրից։
Ի դեպ, «2021-2026 թվականների կառավարության ծրագրով նախատեսված էր կառուցել 15 նոր ջրամբար, մինչդեռ առ այսօր շահագործման է հանձնվել միայն Վեդու ջրամբարը։
Եվ իրականում, ոչ թե ատամները արագ լվանալն է լուծելու ՀՀ֊ում ջրային ռեսուրսների ոլորտում առկա խնդիրները, այլ հստակ ռազմավարությունը, ինչը դժվար թե ի վիճակի լինի գլուխ բերել մի իշխանություն, որը հեշտությամբ թշնամուն է հանձնել մեր ջրային ռեսուրսները»։

Հասարակություն далее