ԲԴԽ-ն քիչ առաջ ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
«Փաստինֆո»-ին տեղեկությունը հաստատել են ԲԴԽ-ից:
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ կայքի բացառիկ տեղեկություններով՝ դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։
«Մեր տեղեկություններով՝ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։
Անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու գործընթացից հետո նախատեսվում է բարձրացնել նաև դատավորների կալանավորման հարցը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում դատավոր Մասիս Մելքոնյանի անունը պարբերաբար շրջանառվում էր քրեական հեղինակություն համարվող «Չաղ Ռուստամի» գործի շրջանակներում։
Մասնավորապես, Մելքոնյանը որոշումներ էր կայացրել վերջինիս նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ, մինչդեռ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանում էր այդ որոշումները՝ կրկին կիրառելով կալանավորումը։
Դրանից հետո Մելքոնյանը կրկին տնային կալանք էր նշանակում, ինչն էլ կասկածների և քննարկումների առիթ էր դարձել։ Շրջանառվում էին նաև ենթադրություններ, որ նման որոշումների կայացման հիմքում կարող էին լինել կոռուպցիոն բնույթի պայմանավորվածություններ:
ԲԴԽ-ից «Իշխանություն» լրատվականին ասացին՝ շաբաթ օր է, տեղեկություն չեն տրամադրում:
Դատախազությունից «Իշխանություն» լրատվականին տեղեկությունը հաստատեցին:
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ 2 դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Դատախազությունը 2 միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:
Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,-ասացին կառույցից», - գրել էր լրատվամիջոցը:


