▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք Ռոբերտ Քոչարյանի՞ն եք մեղադրում»․ լրագրողը՝ Ռուբեն Ռուբինյանին

«Հնչում են կարծիքներ, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքն առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Հոկտեմբերի 27-ի պատվիրատուներին բացահայտելու ամենահեշտ ժամանակը դրան անմիջապես հաջորդող շրջանն է։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 27-ի օրը և դրան հաջորդող 19 տարիներին իշխանության են եղել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Եվ, այո, ես կիսում եմ այն կարծիքը, որ կասկածներ է հարուցում այն փաստը, որ իրենք 19 տարվա մեջ չեն բացահայտել դա»,- հավելել է Ռուբինյանը։ «Չկա որևէ քաղաքական ուժ, որը մեզնից շատ է շահագրգռված այս հանցագործությունը բացահայտելու համար, որովհետև նախ դա տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երկրորդ՝ հնչում են բավականին արժանահավատ կարծիքներ, ըստ որի՝ հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը կտրուկ ամրապնդվեց և դարձավ միահեծան»,- շարունակելով թեման՝ նշել է ԱԺ նախագահը։
«Դուք իրե՞ն եք մեղադրում»,- հետաքրքրվել է լրագրողը։
«Չէ, ես ասացի այն, ինչ ասացի, ես ոչ մեկին ոչ մեղադրում եմ, ոչ չեմ մեղադրում, ես ասում եմ՝ հնչում են կարծիքներ, որոնք բավականին արժանահավատ են հնչում»,- ի պատասխան ասել է Ռուբինյանը։

***

«Երբ Վազգեն Սարգսյանի եղբայրը վարչապետ էր, Գագիկ Ջհանգիրյանը՝ դատախազ, այդ ժամանակ ինչո՞ւ նրանց չհաջողվեց բացահայտել Հոկտեմբերի 27-ը»,- լրագրողը դիմեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։
«Նախագահն էլ Ռոբերտը Քոչարյանն էր, ինչո՞ւ նրան չհաջողվեց բացահայտել»,- պատասխանեց Ռուբինյանը և դիմելով լրագրողներին՝ շարունակեց․ «Այստեղ ներկա լրատվամիջոցների առնվազն կեսը կամ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունեն, կամ Սերժ Սարգսյանի. ուզում եմ հիշեցնել, որ Հոկտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, Սերժ Սարգսյանը՝ ազգային անվտանգության նախարար, դրանից հետո Ռոբերտ Քոչարյանն էլի նախագահ էր, Սերժ Սարգսյանը՝ ՊՆ, հետո վարչապետ էր, հետո նախագահ, ու հիմա ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ իրենց հետ փոխկապակցված լրատվամիջոցները եկել ու ինձ, ով Հոկտեմբերի 27-ին 9 տարեկան էր, հարցնում են՝ ինչո՞ւ չի բացահայտվել։ Ես եմ հարցնում՝ ինչո՞ւ չեն բացահայտել»։

Հասարակություն далее