▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը խոպան չէ, որ ով որտեղ չի կարողացել կայանալ, գա այստեղ դիրք զբաղեցնի․Ռոբերտ Արզումանյան

«Հայաստանը խոպան չէ, որ ով որտեղ չի կարողացել կայանալ, գա այստեղ դիրք զբաղեցնի, սեփական ամբիցիաները բավարարի ու հեռանա՝ իր հետևից թողնելով չկրած պատասխանատվություն»,-գրել է Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան և Երևանի «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանն ավելի վաղ  միացել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած՝ մեր ընտրանու նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը։

Ղազարյանն իր էջում համատեղ տեսանյութ է հրապարակել Էջմիածնի լքված մարզադաշտից, որտեղ նրանք համապարփակ անդրադարձել են հայկական ֆուտբոլի համակարգային խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին։

Տեսանյութում Ղազարյանը նշել է, որ չնայած «Արարատ-Արմենիայում» մեկնարկած հաջող մարզչական կարիերային՝ երկրպագուների հետ հանդիպումից հետո որոշել է առաջադրվել, քանի որ համոզված է՝ Արզումանյանի և համախոհների հետ կարող է միավորել ֆուտբոլային հանրությանը։ Անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին՝ նախկին ֆուտբոլիստներն ընդգծել են մարզային ենթակառուցվածքների գրեթե իսպառ բացակայությունը․ Հայաստանի շուրջ 2 միլիոն մարզային բնակչության պայմաններում Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մի շարք հատվածներում չկա որևէ տաքացվող դաշտ կամ փակ մանեժ, ինչի հետևանքով երեխաները զրկված են ֆուտբոլով զբաղվելու հնարավորությունից։

Նրանք նաև փաստել են, որ մասսայականության ցածր ցուցանիշներով (Հայաստանում ֆուտբոլով զբաղվում է մոտ 10 հազար մարդ՝ ի տարբերություն, օրինակ, ավելի փոքր բնակչություն ունեցող Իսլանդիայի կամ Ալբանիայի բազմապատիկ բարձր տվյալների) անհնար է մրցունակ լինել նույնիսկ փոքր երկրների հետ, ինչի վկայությունն են Մ-17 և Մ-19 հավաքականների վերջին խոշոր հաշվով պարտությունները։ Ըստ Ղազարյանի և Արզումանյանի՝ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է համախմբված աշխատանք, պետության անմիջական միջամտություն և հստակ ծրագիր, որն իրենք արդեն ունեն և առաջիկայում կներկայացնեն ավելի մանրամասն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը (First Armenian Front) պահանջել էր ՀՖՖ ներկայիս ղեկավարության հրաժարականը և հայտարարել, որ առաջիկա ընտրություններում որպես միասնական թեկնածու առաջադրելու և պաշտպանելու է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը, ինչից հետո՝ նոյեմբերի 10-ին, Ղազարյանը հատուկ տեսաուղերձով պաշտոնապես հաստատել էր իր առաջադրման որոշումը։

Նշենք, որ երկորդ թեկնածուն Դենիս Ջորկաեֆն է։

Գևորգ Ղազարյանի և Ռոբերտ Արզումանյանի տեսանյութը՝ ստորև․

Սպորտ далее