«Հետք»-ը գրում է․Հայկական «Հայվեյզ» (Hayways) ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին եւ դրան փոխկապակցված ընկերություններին: Այս պատմության հիմքում հայկական փոխադրողի եւ ամերիկյան կողմի՝ արդեն մի քանի տարի ձգվող վեճն է:
«Հայվեյզը», որը ներկայում Հայաստանում միակ բեռնափոխադրող ավիաընկերությունն է, նախկինում կենտրոնացած էր ուղեւորափոխադրումների վրա: 2021-ի նոյեմբերին ընկերությունից «Հետքին» փոխանցել էին, որ արդեն իսկ կնքել են Boeing 737-800 տիպի օդանավի վարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր ու գտնվում են ինքնաթիռի վարձակալության պայմանագրի կնքման փուլում։ Պայմանագիրը կնքվել է 2021-ի նոյեմբերի 30-ին:
Նույն տարվա դեկտեմբերին Boeing 737-800-ը տեխսպասարկման նպատակով տեղափոխվել էր Հորդանանի մայրաքաղաք Ամման: Ավելի ուշ այնտեղ էին մեկնել նաեւ հայկական «Քրոսս Թեքնիքս» ընկերության մասնագետները: Այս ընկերությունն զբաղվում է ավիացիոն տեխնիկական գործունեությամբ ու սպասարկում է «Հայվեյզի» բորտերը: «Հայվեյզի» տնօրեն Օվսաննա Ստեփանյանը ավելի ուշ մեզ պատմել էր, որ ինքնաթիռը նույնիսկ հասցրել էր իրենց ընկերության գույներով ներկվել: Հորդանանում տեխսպասարկում անցնելուց հետո սպասվում էր դրա ժամանումը Հայաստան եւ հայկական գրանցում ստանալը:
Օդանավի սեփականատերը իռլանդական Fly Aircraft Holdings Fourteen Limited-ն է, որի տերը մեկ այլ իռլանդական ընկերություն է՝ Fly Leasing Limited-ը։ Վերջինս էլ իր հերթին պատկանում է ամերիկյան խոշոր լիզինգատուի՝ Carlyle Aviation Partners-ին:
Այդուհանդերձ, 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը եւ արեւմտյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ու վերջինիս ավիացիոն իշխանությունների պատասխան գործողությունները ազդեցին նաեւ «Հայվեյզի» այս գործարքի վրա:
Վերջին պահին Boeing 737-800-ի տերը չեղարկել էր գործարքը: Օ. Ստեփանյանը մեզ ավելի ուշ հայտնել էր, որ վարձատուի պատճառաբանությունը եղել է այն, թե իբր Ռուսաստանի դաշնակից հանդիսացող Հայաստանի իշխանությունները ՌԴ-ի նման կարող են բռնագրավել օդանավն ու արգելել դրա վերադարձը տիրոջը, ինչպես որ պատերազմից հետո շատ դեպքերում արել է Ռուսաստանը:
Խոչընդոտներ կային նաեւ ապահովագրության առումով, քանի որ արեւմտյան ապահովագրողները ռուս-ուկրաինական պատերազմից հետո շատ դեպքերում չէին ցանկանում գործ ունենալ դեպի Ռուսաստան թռչող օդանավերի հետ, ավելի կոնկրետ՝ ապահովագրության ծածկույթում ներառել հավանական պատահարները ՌԴ տարածքում:
Հաշվի առնելով այս ամենը, ըստ Օվսաննա Ստեփանյանի, իրենք օդանավի սեփականատիրոջը հայտնել էին, որ այն չի թռչելու Ռուսաստան, այդ ուղղությամբ չի շահագործվելու: Սակայն հայկական կողմի հավաստիացումներն օգուտ չէին տվել:
Գործընկերոջ նման հետքայլն իսկական անակնկալ է եղել «Հայվեյզի» համար, որն արդեն իսկ մեծ ծախսեր էր արել՝ ինքնաթիռի տեղափոխությունը Հայաստան կազմակերպելու նպատակով: Բացի դրանից, ինչպես մեզ փոխանցել էր Օ. Ստեփանյանը, գործարքի խափանման հետեւանքով իրենք կորցրել են մի շարք առեւտրային հնարավորություններ:
Նկատենք, որ 2022-ի մայիսին Boeing 737-800-ը Հորդանանից տեղափոխվեց ոչ թե Հայաստան, այլ Սլովակիա՝ մտնելով այդ երկրի AirExplore ընկերության ավիապարկ, որտեղ շահագործվում է մինչ օրս:
«Հայվեյզը» դիմել էր Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարան: Այս դատարանում դիտարկվել են օդանավի վարձակալության պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտավորությունները, ներառյալ՝ պայմանագրի դադարեցման վեճը եւ գրավադրված միջոցները (320 հազար դոլար) չվերադարձնելը: Արբիտրաժային դատարանը գտել է, որ լիզինգատուն պայմանագիրը խզելու իրավունք ուներ, եւ 2025-ի նոյեմբերին «Հայվեյզի» հայցը մերժվել է:
Մարդատար օդանավի ձեռքբերման հարցում ձախողվելուց հետո «Հայվեյզը» կենտրոնացել է բեռնափոխադրումների վրա: 2024-ի փետրվարին ընկերությունն օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել, ինչն իրավունք է տալիս զբաղվել կոմերցիոն փոխադրումներով: Նույն օրը Հայաստանում գրանցվել է «Հայվեյզի» առաջին բեռնատար ինքնաթիռը՝ EK-HAY գրանցումով Boeing 737-400SF-ը: Նախկին փորձը հաշվի առնելով՝ ավիաընկերությունը որոշել է ոչ թե վարձակալել (լիզինգով վերցնել) օդանավեր, այլ գնել իբրեւ սեփականություն: Թե՛ EK-HAY-ը, թե՛ 2026-ի հունվարին ՀՀ-ում գրանցված (EK-HYY) երկրորդ ինքնաթիռը՝ Boeing 737-400BDSF-ը, «Հայվեյզի» սեփականությունն են:
Ինչ վերաբերում է Boeing 737-800-ի գործարքի խափանմանը, ապա Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հաջողության չհասնելուց հետո «Հայվեյզը» դիմել է ամերիկյան դատարան:
Այս տարվա մայիսի 15-ին հայկական ընկերությունը հայց է ներկայացրել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հարավային շրջանի դատարան, որն սպասարկում է, մասնավորապես, այս նահանգի Մայամի Դեյդ շրջանը (Miami-Dade County): Պատասխանողներն են The Carlyle Group Inc.-ը, որը գրանցված է ԱՄՆ Դելավեր նահանգում եւ լիզինգատուի գլխադասային ընկերությունն է, Մայամիում գրանցված Carlyle Aviation Partners LLC-ն (հենց սրա հասցեի հիման վրա է «Հայվեյզը» դիմել Մայամի Դեյդի դատարան), Բերմուդյան կղզիներում գրանցված օֆշորային Carlyle Aviation Partners Ltd-ն, ինչպես նաեւ իռլանդական Carlyle Aviation Limied-ն ու Fly Aircraft Holdings Fourteen Limited-ը (կարճ՝ Fly Holdings), որը Boeing 737-800-ի անմիջական սեփականատերն է:
Հայցում նշվել է, որ այս գործը վերաբերում է պայմանագրից դուրս տեղի ունեցած ենթադրյալ խախտումներին, եւ ներկայացված փոխհատուցման պահանջները չեն կրկնում Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում քննված պահանջները հայցվորի կողմից: «Հայվեյզի» հայցագնի չափը գերազանցում է 750 հազար դոլարը, որի մեջ ներառված չեն տոկոսները, դատական ծախսերն ու փաստաբանների վարձատրությունը:
Հայցի հիմքում այն պնդումն է, որ Boeing 737-800-ի անմիջական սեփականատեր իռլանդական Fly Holdings-ը, ինչպես նաեւ Մայամիում գործող Carlyle Aviation Partners-ը շարունակել են համագործակցել «Հայվեյզի» հետ տարբեր միջոցներով (վարձակալվող օդանավի երթուղիների վերանայում, ապահովագրություն, փաստաթղթերի փոխանցում, հանդիպումներ Մայամիում եւ այլն), մինչդեռ պատասխանողները (Carlyle խմբի ընկերությունները) զուգահեռաբար առաջ են մղել նույն ինքնաթիռը Սլովակիայի AirExplore ընկերությանը տրամադրելու գործարքը, մասնավորապես՝ 2022-ի մարտին, երբ ինքնաթիռը գտնվում էր Ամմանում, եւ տեխնիկական աշխատանքներից հետո նախատեսվում էր դրա հանձնումը «Հայվեյզին», ամսի 14-ին օդանավի վարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր է ստորագրվել AirExplore-ի հետ, իսկ մարտի 21-ին Fly Holdings-ը հայկական կողմին ծանուցել է, որ խզում է պայմանագիրը: Մայիսին էլ «Հայվեյզը» բաց աղբյուրներից տեղեկացել է, որ օդանավն արդեն գրանցվել է Սլովակիայում:
Չնայած Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանը գտել է, որ լիզինգատուն իրավունք ուներ չեղարկել պայմանագիրը, «Հայվեյզն» ամերիկյանին դատարանում շեշտել է այն հանգամանքը, որ մինչեւ պայմանագրի խզումը պատասխանողների հաղորդակցությունն իր հետ եղել է էապես մոլորեցնող: Հայցվորը նաեւ նկատել է, որ եթե ինքն իմանար, որ պատասխանողներն առաջ են տանում օդանավն այլ վարձակալի հանձնելու տարբերակը, ապա ավելի վաղ կփնտրեր այլընտրանքային ինքնաթիռներ, գործարքի խափանման հետեւանքները մեղմող տարբերակներ եւ այլընտրանքային որոշումներ կկայացներ՝ միաժամանակ չկատարելով ընթացիկ ծախսեր իրեն մոլորեցնող գործընթացում։


