|
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավոք մի բան հայկական ֆուտբոլում կարմիր գծով գնացել է, և դեռ շարունակվում է:
Այն է, որ հայկական ֆուտբոլում մենեջմենթը, միջանձնային հարաբերությունները, կադրային քաղաքականությունը բերել են նրան, որ հայկական ֆուտբոլից դուրս են մղվել շատ ու շատ անուններ, ովքեր իրոք կարող էին շատ լուրջ և դրական ազդեցություն թողնել մեր ֆուտբոլի վրա:
Ասպարեզում են հայտնվել այնպիսի վայ մասնագետներ (հատկապես մանկապատանեկան ֆուտբոլում) որոնց անգամ իրենց տանեցիները չեն ճանաչել որպես ֆուտբոլիստ կամ ֆուտբոլային մարդ: Աջ ու ձախ ինչ որ անհայտ դեմքեր մարզչական լիցենզիաներ են խփել իրենց պատերին, և մարզչություն են անում:
Ծանոթ-բարեկամ արատավոր երևույթը մի կողմից, շատ մարզիչների և այլ «մասնագետների» ոչ կոմպետենտությունը մյուս կողմից, բերել են այն վիճակին, որ շատ մեծ թվով տաղանդավոր երեխաներ և պատանիներ ժամանակից շուտ հիասթափվել և հեռացել են ֆուտբոլից:
Մեր երեխաները և երիտասարդները շատ տաղանդավոր են, էներգիայով լի, և արժանի չեն էսպիսի վերաբերմունքի: Նրանք մեծ երազանքներ ունեն, և փոխանակ օգնեն, խրախուսեն, ջարդ ու փշուր են անում ամեն ինչ:
Եվ իհարկե բուրգի գագաթում Հավաքականն է, որը իրոք արտացոլում է Հայկական ֆուտբոլի այսօրվա վիճակը:
Բավ է: Հորդորում եմ թե՝ պետությանը և թե՝ բոլոր պատասխանատու մասնագետներին սթափվել և իրոք զբաղվել այս ամենով, քանի որ ֆուտբոլը միմիայն խաղ չէ, այն այսօրվա աշխարհում ազգային դեմքն է, սոցիումի արտացոլումն է, երկրի սպորտային պոտենցիալի հայելին է»։
***
|
|
Կարդացեք նաև՝ լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ մեր Ազգային հավաքականը պարտություն կրեց Կիպրոսի ընտրանուց:
Եթե նախորդ՝ Չեռնոգորիայի դեմ երևանյան հանդիպմանը մեր հավաքականի պարտությունը շատ-շատ ցավալի էր, քանի որ դա պարտության խաղ չէր, ապա երեկ մեր թիմը ցույց տվեց, հավանաբար, ամենավատ խաղերից մեկը 1992-ի Մոլդովայի դեմ առաջին հանդիպումից ի վեր:
Չեռնոգորիայի դեմ խաղում բոլորն իրենց մեղավորության մատները տնկեցին Չանչարևիչի ուղղությամբ:
Հայաստանի ֆուտբոլային պատասխանատուներից մեկը Լատվիայի դեմ խաղից առաջ ակնարկել էր, թե մենք ինչ ֆուտբոլային ազգ ենք, երբ ընդամենը 6000 տոմս է վաճառվել:
Լատվիային հաղթելուց հետո Չեռնոգորիայի դեմ խաղում Հանրապետականը լեփ-լեցուն էր:
Ֆուտբոլային պատասխանատուն իրավունք չունի նման բան ասելու:
Հաջորդ տնային հանդիպմանը գուցե շատ ավելի քիչ հանդիսատես լինի:
Ինձ թվում է՝ մենք պետք է գտնենք մեր ֆուտբոլային ձախողումների հիմքերը և ոչ թե Չանչարևիչին կամ Շաղոյանին մեղադրենք:
Մեզ պետք է ճիշտ դիագնոզ, բժկության լեզվով ասած:
Այդ դիագնոզը տալու հարցում շատ կարևոր է, թե մեր ֆուտբոլային ընտանիքը ում է ընտրելու ՀՖՖ նոր նախագահ, որի ընտրությունները երկու ամսից են:
Արդեն իսկ իշխանական սենյակներից լսում ենք անուններ, որոնք կապ չունեն հայկական ֆուտբոլի հետ, անգամ կապ չունեն Հայաստանի հետ:
Մի կողմ եմ թողնում, որ իշխանություններն իրավունք չունեն միջամտելու ՀՖՖ ընտրության հարցում, ինչը ցավոք արել են գրեթե միշտ:
Բայց այստեղ արդար չէ մեղադրել իշխանություններին, քանի որ ՀՖՖ նոր նախագահ են ընտրելու ՀՖՖ անդամ 34 ակումբներ»։
***
|
|
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլոր ոլորտներում համակարգային ճգնաժամ է, ֆուտբոլում ո՞նց կարող են հաղթանակներ լինել․
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նորից պարտություն կրեց։ Դրանք վաղուց արդեն օրինաչափ են դառել։ Հայաստանում բոլոր ոլորտներում կառավարման խոր, համապարփակ ճգնաժամ է, որից ժողովուրդջանի ուշադրությունը շեղում են զանազան ֆեստիվառներով, վարչաբենդով, Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքով, գաթայի տոնով և այլնով։ Որևէ բնագավառում չկա բարձր պաշտոնյաների աշխատանքի օբյեկտիվ գնահատում, իրենց ոլորտները ձախողած մեծ պաշտոնյաները վատ աշխատանքի, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանին անվերապահ ծառայելու համար պետբյուջեից միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստանում։ Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար ռազմավարարական ծրագիր է պետք ընդունել ու իրականացնել։ Այդ ծրագրում մեծ տեղ կտրվի ֆուտբոլի զարգացմանը պետության ֆինանսական աջակցությանը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը (հատկապես՝ մարզերում), հայկական ֆուտբոլից կոռուպցիայի վերացմանը, մարզչական, մրցավարական բանիմաց կադրերի ձևավորմանը և այլն։ Ներկա իշխանության օրոք նման ծրագիր չի կարող ընդունվել, իրականացվել։ Ուստի մեր ընտրանու, թիմերի պարտությունները շարունակվելու են»։
|