▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը խիստ վտանգավոր գծեր է հատում». Նարեկ Կիրակոսյան

Լրագրող Նարեկ Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը խիստ վտանգավոր գծեր է հատում՝ ոտնահարելով արդեն երրորդ անձանց անձնական կյանքը։
«Գնացեք այդ մարդուն հարցրեք՝ դուք Կտրիճ Ներսիսյանի աղջիկն եք, թե՝ չէ»,- Հայաստանի քաղաքացիներին հորդորում է Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հրապարակված հարցազրույցում։
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մակարդակի է հասել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունը, երբ երկրի վարչապետը քաղաքացիներին կոչ է անում մոտենալ մի կնոջ և հարցնել՝ դուք ո՞ւմ աղջիկն եք։
Այստեղ արդեն հարցը միայն կաթողիկոս Գարեգին Բ-ն և նրան վերագրվող դուստրը չեն։ Հարցն այն է, թե իշխանության ղեկավարը որքան հեռու կարող է գնալ և որտեղ է նրա համար ավարտվում պայքարը և սկսվում մեկ այլ մարդու անձնական տարածքը։
Մարդուն չի կարելի դարձնել վեճի գործիք միայն այն պատճառով, որ նրա ընտանեկան կապերը կարող են ինչ-որ կերպ օգտագործվել հակառակորդին հարվածելու համար։ Առավել ևս՝ երբ խոսքը քաղաքականությամբ չզբաղվող կամ տվյալ հակասության անմիջական մասնակից չհանդիսացող մարդու մասին է։
Երկրի վարչապետի խոսքը պարզապես հերթական քաղաքական հայտարարությունը չէ։ Այդ խոսքն ունի կշիռ, ազդեցություն և հետևանքներ։ Երբ վարչապետը քաղաքացիներին ասում է՝ գնացեք և այդ մարդուն հարցրեք, նա փաստացի այդ կնոջը թիրախավորում է՝ դարձնելով հանրային հետաքրքրության անձ, իսկ մեր հասարակությունը մարդկանց թիրախավորելու ամենադաժան մեթոդներին տիրապետողներից է։
Ես կաթողիկոսի՝ դուստր ունենալու մասին գիտեմ այնքանով, որքանով տարիներ առաջ գրել էր հայաստանյան թերթերից մեկը։ Բայց ի՞նչ է ստացվում, երեխայից պահանջում են պատասխան տալ նրա համար, թե ով է իր հայրը, սա լո՞ւրջ է, սա է իրական Հայաստանը։ Ի՞նչ բարոյական նորմ ենք մենք այդ դեպքում ձևավորում։
Հույս ունեմ՝ վարչապետի հորդորին կհետևեն միայն նրանք, ովքեր նախապես իրենց ծնողներին ընտրելու հնարավորություն են ունեցել»:

Հասարակություն далее