▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Դուք ասում եք՝ մեր ապրանքը որակյալ է. Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում: Կողմնորոշվեք, հասկանանք՝ ում ենք լսում, ում՝ հավատում»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարարին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Գևորգ Պապոյանը նշեց. «Վարչապետին պետք չէ վերագրել մտքեր, որ չի ասել: Յուղոտ ձկան մասին ասել է, բայց հաջորդ հարցազրույցում նշել է՝ ես չեմ ասել, որ ՀՀ-ում արտադրվող ձուկը որակյալ չէ, ասել եմ՝ այն ձուկը, որ արտադրվում է ՀՀ-ում, իմ քիմքին հարմար չէ, յուղոտ է»:

***

«Խոսք կա, ասում ա՝ 3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը: Երբ ինքը խոսեց յուղոտ ձկան մասին ու շատերի մոտ ստամոքսի խանգարում եղավ, և ձկնարտադրողները սկսեցին բողոքել, ասաց՝ չէ, ձուկը լավն ա, ուղղակի ոստրեն չի սիրում, այսինքն՝ վնասն արդեն հասցվել էր»,- բյուջետային քննարկման ժամանակ շարունակելով ձկան թեման՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

***

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027թ. պետական բյուջեի նախնական քննարկումներն են: Դիմելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն ասաց. «Ձեր թիմն ու կառավարությունն է ասել՝ ՌԴ-ի հետ մոտիկ եք, Պուտինի հետ ամենաշատը դուք եք զանգում: Երբ Շիրակի ձեր մարզպետը խոսում է ոչ իրեն հարիր, ասում ենք՝ ընկեր, սրան հետևանք ա լինելու, հետո լինում ա, ասում ա՝ ընդդիմությունն ա մեղավոր: Մի խոսացեք... Եթե հարաբերությունները լավ են, գազը էգուց չթանկանա, դրա տերն էլ եք դուք, թանկացավ, դրա տերն էլ եք դուք: Ում վրա եք մուննաթ գալիս, էտի չեմ կարում հասկանամ»:

Ավելի վաղ Պապոյանը, խոսելով արտահանման մասին, ասել էր. «Երբ նախորդ տարի այս ժամանակ բյուջեն կազմվում էր, բնականաբար չէր պլանավորվում, որ տեղի կունենան այդպիսի անհիմն սահմանափակումներ ՀՀ արտադրողների նկատմամբ ու ՀՀ արտադրողների որակյալ արտադրանքի մուտքը ռուսական շուկա կսահմանափակվի, որպեսզի ՀՀ-ում ինչ-որ ուժեր մի քանի ավել տոկոս ձայն ստանան ու հայտնվեն խորհրդարանում»:

***

«Ինչ վերաբերում է գազի գնին, կարծում եմ, առհասարակ բոլորիս համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ: Եթե ինչ-որ բանի գին 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»,- ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

***

2027 թ. ՀՀ պետական բյուջեով արտահանման աջակցության գումարը պակասել է, քանի որ գործող իշխանությունը կարծում է, թե սահմանափակումների խնդրին հաջորդ տարի էլ չեն առնչվի։

«Մենք չէինք նախատեսել, որ նման անհիմն սահմանափակումներ կլինեն Հայաստանի արտահանողների նկատմամբ, և մեր որակյալ արտադրանքի մուտքը ՌԴ շուկա կսահմանափակվի, որպեսզի Հայաստանում մի քանի ուժեր մի քանի տոկոս ձայն հավաքեն ու հայտնվեն ԱԺ–ում։ Մեր ապրանքների որակի մասին է խոսում նաև այն, որ երբ ՌԴ շուկան փակվեց մեզ համար, շատ արագ Մերձավոր Արևելքի, կենտրոնական Ասիայի և ԵՄ–ի շուկաներում ⅓ ծավալով հայտնվեց մեր ապրանքը։ Դա շատ լավ է, քանի որ նման տեմպ ու փոփոխություն նույնիսկ մենք չէինք սպասում, որ կունենանք»,– ԱԺ–ում վստահ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հասարակություն далее