▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 տարի 8 ամսվա ընթացքում հաջողվել է պետբյուջեի եկամուտն ավելացնել 43,6%-ով. Փաշինյան

Իմ զեկույցը բաղկացած կլինի 3 մասից․ առաջին մասը՝ բուն զեկույցի բովանդակությունը՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ կորոնավիրուսի ճգնաժամը, երկրորդ մասը՝ կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում մեր կայացրած որոշումները, եւ վերջում՝ մեր հետագա անելիքները։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքը եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թեեւ նա պետք է ներկայացներ 2019 թվականի կատարողականը, սակայն ասաց, որ հասկանալի պատճառներով չի կարող սահմանափակվել միայն 2019 թվականով:

Ըստ վարչապետի ներկայացրած տվյալների՝ 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարեւան բոլոր երկրների եւ Եվրոպական տարածաշրջանի երկրների համար։ Նրա խոսքով՝ տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։

Վարչապետի կարծիքով՝ ամենակարեւոր արդյունքներից մեկն այն է, որ մշակող արդյունաբերությունում աճը կազմել է 12% եւ 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում մշակող արդյունաբերությունը դարձել է տնտեսության առաջատար ճյուղը։

«2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 14,7%-ով։ Հայաստանից ապրանքների եւ ծառայությունների արտահանումն աճել է 10,3%-ով, արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի, մրգային գինիների ապրանքախմբերում»,- ասաց Փաշինյանը։

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2,2 միլիարդ դոլար, ինչը, վարչապետի խոսքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 միլիոն դոլարով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 635 միլիոն դոլարով։

«2018-2019 թվականների ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշը ավելացնել 505 միլիարդ դրամով։ Սա ավելի քան 1 միլիարդ դոլար է եւ բյուջեի ցուցանիշներն այս առումով աճել են 43,6%-ով»,- ասաց վարչապետը՝ մեջբերելով մինչհեղափոխական շրջանում իր արած այն հայտարարությունը, որ պետական բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում պետք է աճեն 30-35 %-ով եւ շեշտեց, որ 1 տարի 8 ամսվա ընթացքում հաջողվել է պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 43,6 %-ով։

Փաշինյանն ընդգծեց՝ առաջիկա 5 տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն։ Այս կոնտեքստում նա նաեւ ընդգծեց զբաղվածության խթանումը, աղքատության կրճատումը։

Ինչպես ներկայացրեց վարչապետը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2019 թվականին գրանցվել է շրջանառության շուրջ 30% աճ, որը ներառում է համակարգչային ծրագրավորման, էլեկտրոնիկայի ուղղություններ։ «Այս ցուցանիշներով ես ցանկացա ցույց տալ, որ կառավարության ծրագրի այն դրույթը, որ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր, կոնկրետ ապահովել ենք ընթացքը դեպի այդ ուղղություն»,- ասաց նա։

Վարչապետի ամբողջական ելույթն՝ այս հղումով․ այն ներկայացնելուց հետո պատգամավորները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել վարչապետին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին