Հայաստանում խոշոր բիզնեսը կայացել է, այսպես թե այնպես, խոշոր բիզնեսն իր հարցերը կլուծի: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարությունը նույնպես շահագրգռված է, որ խոշոր բիզնեսը հաջողություն ունենա, բայց մեր խնդիրն այն է, որ ձեւավորվեն նոր խոշոր բիզնեսներ: Մարդիկ տեսնեն, որ կարող են զրոյից բարձրանալ որքան ուզեն: Բայց նաեւ դրսից խոշոր ներդրումներ ներգրավելու համար պետք է ցույց տալ, որ ՀՀ-ն տաղանդավոր մարդկանց երկիր է: Պետք է աջակցել այսպիսի մարդկանց, աջակցել խոսքով, գաղափարով»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կենտրոնական բանկի տվյալներով՝ այս տարի ՀՀ-ում արդեն պահուստավորված դոլարի ծավալը հասել է 171 մլն դոլարի: Երեք օրվա ընթանքում այս թիվը 40 մլն դոլարով ավելացել է: Սա, ըստ նրա, նշանակում է, որ ՀՀ-ում փող է պտտվում, տնտեսության արյունատար երակները բացվել են:
«Այստեղ կարևորը ինքներս մեզ, մեր երկրին ու ապագային հավատալն է: Յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, բացառիկ տաղանդ է, և մեր կառավարության առանցքային առաքելությունը մարդկանց աջակցելն ու քաջալերելն է, որ նրանք հավատան իրենց տաղանդին: Այն պահից, երբ նրանք հավատացին իրենց տաղանդին, նրանց ոչ ոք չի կարող կանգնեցնել, նույնիսկ կառավարությունը»,- ասաց նա:
Կարդացեք նաև՝ Անհատական ջանք ներդնողը գիտակցում է, որ հաղթել է քուչային. փողն ընդհանրապես կարևոր չէ. Նիկոլ Փաշինյան