ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանում ժողովրդավարությունը լուրջ վտանգի տակ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի քանի անգամ անվանելով «դիկտատոր»։
Իր ելույթը նա սկսել է հռետորական հարցերով՝ նշելով, որ քաղաքական գործիչը, որը քաղաքացիներին զրկում է ընտրելու իրավունքից, ամեն օր ձերբակալում է քաղաքական ընդդիմախոսներին և իրեն պահում է այնպես, կարծես միաժամանակ վարչապետն է, ոստիկանության պետը, գլխավոր դատախազը, գլխավոր դատավորը և նույնիսկ ցանկանում է ղեկավարել եկեղեցին, «դիկտատոր» է։
Մամիջանյանը հիշեցրել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցում արձանագրված խնդիրները՝ պետական հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումները, օրենքի ընտրովի կիրառումը, մինչդատական կալանքի լայն կիրառումը, քաղաքական դրդապատճառներով ոստիկանության գործողությունների ոչ բավարար քննությունը և դատական իշխանության անկախության թուլացումը։
Պատգամավորի խոսքով՝ ամենալուրջ խախտումներից մեկը երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումն էր՝ առանց օրենքով նախատեսված կրկնակի քվեարկության նշանակման։
«Արդյունքում ընդդիմադիր կուսակցություններից մեկը ընդամենը մի քանի հարյուր ձայնի պակասով չհաղթահարեց ընտրական շեմը։ Այդ ձայները պարզապես խլվեցին նրանցից։ Հայաստանի ժողովրդի ձայները գողացվել են»,- հայտարարել է նա։
Մամիջանյանը նշել է նաև, որ վերջին հինգ տարիներին ԵԽԽՎ-ում բազմիցս բարձրաձայնել է Արցախի հայության իրավունքների, Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, հայ ռազմագերիների և Հայաստանի անվտանգության հարցերը, իսկ այժմ ստիպված է խոսել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին։
«Հույս ունեմ, որ միջազգային կազմակերպություններն ավելի արագ կարձագանքեն, քան նախկինում, քանի դեռ այդ խախտումների դեմ բարձրաձայնողները չեն հայտնվել բանտերում։ Նույնիսկ եթե Եվրոպան հանդուրժի ևս մեկ հետխորհրդային բռնապետի, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, դա չենք հանդուրժի»,- եզրափակել է իր ելույթը Մամիջանյանը։


