168.am-ը գրում է. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը հերթական վկայումն է, թե ինչպես է 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո նկատելիորեն բարելավվել թավշյա իշխանությունների սոցիալական վիճակը։
Այսպես, 2024 թվականին ներկայացրած 2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Արմեն Գրիգորյանը պահպանել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում 2020 թվականին գնված անշարժ գույքը, որը տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով։
ԱԽՔ-ը, սակայն, 2023 թվականին 7միլիոն 350 000 դրամով օտարել է 2019 թվականին ձեռք բերված 2005 թվականի արտադրության «Լեքսիուս» մակնիշի մեքենան և գնել 11 միլիոն 500 000 դրամ արժողությամբ 2020 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենա։
Պաշտոնյայի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 978 894 դրամ։ Հաշվետու տարվա՝ 32 միլիոն 816 057 եկամուտը գոյացել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունից ստացված 4,500,000 դրամ փոխառությունից, 5 միլիոն 456,423 դրամի չափով ՊԵԿ-ից ստացված այլ եկամուտներից և վարչապետի աշխատակազմից ստացած 22 միլիոն 859,634 դրամ աշխատավարձից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 միլիոն 209 413 դրամ․ հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։
Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանը, 2024 թվականին ներկայացրած հայտարարագրում նշել է 2020 թվականից ամուսնու հետ համատեղ սեփականության իրավունքով տնօրինվող նույն բնակարանի և տարեվերջին առկա՝ 598 753.04 2.դրամ, 2,975 3. դրամ, 2 899 000 դրամ բանկային հաշիվների մնացորդների մասին։
Արմեն Գրիգորյանի կնոջ տարեկան եկամուտը՝ 4 միլիոն 983 602 դրամ, ձևավորվել է Հաշվեքննիչ պալատից և «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղից ստացված աշխատանքի վարձատրությունից և, կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։