▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

24-ամյա աղջկա ինքնասպանությունը` հանելուկ. «Ժողովուրդ»

Գյումրու Անի թաղամասի Չարենցի 10 հասցեում ինքնասպան եղած, 1991 թվականին ծնված Ժենյա Սարիբեկյանի հարազատները չեն հավատում, որ նրա նման կենսախինդ աղջիկը կարող էր ինքնասպան լինել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գեղարվեստի պետական ակադեմիայի՝ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանն ասաց, որ եթե ակադեմիայում դասերը սկսվեին ոչ թե փետրվարի 9-ից, այլ ավելի շուտ, միգուցե Ժենյայի հետ այս դեպքը չլիներ:

 

Նշենք, որ աղջկան զգեստապահարանի վերեւի հատվածից կախված վիճակում հայտնաբերել էր նրա մայրը` Արփինե Բարսեղյանը: Պարզեցինք, որ մայր ու դուստր  Գյումրիի Անի թաղամասի Չարենցի 10 հասցեի 58 տանը վարձով էին ապրում, իսկ նրա քույրն ամուսնացել եւ ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում: 24-ամյա Ժենյան սովորում էր Գյումրու գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայում: Եղել  է նաեւ Գյումրու «Տիրամայր Հայաստան» կենտրոնի սաներից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Տիրամայր Հայաստան» կենտրոնի սոցիալական հարցերի բաժնի պատասխանատու տիկին Ծաղիկը պատմեց, որ Ժենյային տեսել է դեպքից մեկ օր առաջ. «Որեւէ տարօրինակ բան չեմ նկատել, եկավ նույն կենսուրախ ձեւով, բարեւեց, ժպտաց: Նույն Ժենյան էր, ինչպես որ միշտ տեսել ենք նրան: Շատ ապշած ենք ու շոկի մեջ: Մեր կենտրոնում երեխաների խնամքով են զբաղվում, եւ Ժենյան մեր սանն էր: Իսկ երբ գնաց, արդեն որպես մեր նախկին սան՝ հաճախ գալիս էր ու դեպքից մեկ օր առաջ էլ եկել էր կենտրոն»:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը պատմեց, որ Ժենյան դիպլոմային աշխատանքներ էր կատարում, գիտեր՝ ինչ պետք է աներ, որեւէ խնդիր չուներ եւ չէր կարող այս քայլին գնալ. «Մեր ակադեմիայում առաջին կուրսից սկսած հովանավոր ուներ եւ մինչ օրս որեւէ ֆինանսական խնդիր չի ունեցել: Երեկվանից մեր դասերը սկսել են, ու լսում ենք նման բան, ապշած ենք»:

Հարցին, թե ըստ Անի թաղամասում տարածված տեղեկությունների՝ Ժենյան պատրաստվում էր նշանվել, միգուցե անձնական խնդիրնե՞րն են դրդել աղջկան այդ քայլին, ակադեմիայի տնօրենը պատասխանեց. «Չեմ լսել իր նշանադրության մասին, բայց պետք է նաեւ ասեմ, որ նա այնքան կենսուրախ աղջիկ էր, ազատ, կաշկանդված չէր, ու չեմ կարծում, որ անձնականը կարող էր այն աստիճան ընկճել Ժենյային, որ նա գնար այդ քայլին: Ես Ժենյայի դիպլոմային ղեկավարն եմ, շատ հաճախ եմ իր հետ շփվել, դասերի ժամանակ հետը խոսել: Նույնիսկ Ամանորին իր կուրսեցիների հետ եկավ մեր տուն, ամեն ինչ նորմալ էր: Ու այսպիսի երեխան գնա՞ր այդ քայլին, անհավանական է, բոլորիս տանջում է մի հարց՝ ինչո՞ւ»:

Մեր զրուցակցի նկարագրմամբ՝ նա «...մարդու սխալն իր ճակատին ասող աղջիկ էր: Եղել են դեպքեր, որ ուսանողներին չաշխատելու համար նեղացրել եմ, բայց ինքը կուգար, մեջ կմտներ, որ կհարթեր: Վերջին անգամ մի երեխայի համար եկավ ասաց, թե պարո՛ն Ղուկասյան, պետք չէ, ամուսնանում է, ոչինչ կամուսնանա, էլի լավ կսովրի, մի՛ նեղեցեք: Ինչ ասեմ: Խեղճ չէր, իրեն խեղճացնել չէին կարող: Կրկնում եմ՝ ինքն այն մարդը չէր, որ նման բան աներ»:

Իսկ, ահա, Ժենյայի հարազատները չկարողացան մեզ հետ խոսել` նշելով, թե իրենց ցավը շատ մեծ է եւ ընկճել է իրենց:

Նշենք, որ աղջկա ինքնասպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով` «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին