▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է

Քննչական կոմիտեում հերթական սկանդալն է տեղի ունեցել։ Իրավապահները պարզել են, որ ՔԿ-ի քննիչ Վազգեն Աբգարյանը, քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարելիս, որպես ապացույց վերցրել և կնքել է 500 ԱՄՆ դոլարն ու 40 եվրոն, սակայն հետագայում հափշտակել է այդ գումարը, գրել է «Հրապարակ»-ը։

Այնուհետև, անհետացումը քողարկելու նպատակով, կնքված ծրարի մեջ տեղադրել է երկրորդ՝ նույնաբովանդակ ծրար։ Քրեական վարույթը, լրատվամիջոցի տեղեկություններով, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել Աբգարյանը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։ Հետագայում, երբ գործը մտել է դատարան, ապացույցների հետազոտության ժամանակ պարզվել է, որ արտաքին անխախտ ծրարի ներսում եղել է պատռված երկրորդ ծրարը, իսկ գումարը՝ բացակայել։ Այստեղ էլ բացահայտվել է հանցանքը, և քննիչ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել։

Արդեն նախկին քննիչի գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Սա  ՔԿ-ում  հափշտակության  առաջին դեպքը չէ։ 2025 թվականին քննիչի կեղծ վկայականով անհայտ անձը մուտք էր գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Գողը ՔԿ շենք էր մուտք գործել քննիչի կեղծ անցագրով, աշխատանքային ժամին ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Այս գործով մեղադրյալ է գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը և էլի մեկ անձ։ Վարույթով նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին