Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մեր ողջ ազգը գնում է Ծիծեռնակաբերդ իր հարգանքի տուրքը մատուցելու 1915 թ.-ի Օսմանյան կայսրության կողմից սպանված 1.5 միլիոն հայերին: Գնում են բոլորը, ինչը, իհարկե, ուրախալի է. գոնե տարվա մեջ մի օր մեր ազգը միավորվում է:
Սակայն շատ են լինում դեպքերը, երբ մենք Ծիծեռնակաբերդ գնալիս ճանապարհին հանդիպում ենք երևույթների, որոնք ընդհանրապես հարիր չեն այդ օրվանն ու այդ օրվա խորհրդին: Իմ կարծիքով Ձեզնից շատերն են նկատել այդ երևույթները և, մեղմ ասած, նողկանքով են նայել այդ կողմ: Ստորև ներկայացնում եմ 6 կետ, որոնցից ոչ ոք չէի ցանկանա տեսնել այս տարի: Հուսով եմ Դուք էլ սիրելի ընթերցողներ.
Պետք չէ Ծիծեռնակաբերդ գնալ ճանապարհին «սեմուշկա չրթելու» համար.
Պետք չէ Ծիծեռնակաբերդ գնալիս Ձեր ընկերոջը պատմել ամենավերջին «թույն անեկդոտները».
Պետք չէ Ծիծեռնակաբերդ գնացող ամբոխի մեջ փորձել «աղջիկ կպցնել».
Պետք չէ այդ օրը հագնել Ձեր զգեստապահարանի ամենավառ, գունեղ և սգի հետ ընդհանրապես կապ չունեցող հագուստները.
Պետք չէ տեսախցիկների առաջ բացել Ձեր բերանը՝ ցույց տալով սեփական տգիտության բարձր աստիճանը.
Եվ վերջապես, պետք չէ ուղղակի գնալ Ծիծեռնակաբերդ, առանց հասկանալու այդ գնալու նշանակությունը.
Այս ամենը գցում է մեր ազգի անունը սիրելի հայրենակիցներ, պետք չէ... Ողջ աշխարհը տեսնում է դա...
Գոռ Գեղամյան
Աղբյուրը` normitq.am