▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ աշխատակցի որդին և նոր քրեական գործը. «Ժողովուրդ»

2013թ. հոկտեմբերի 12-ին Վանաձոր քաղաքում սպանված ձեռքի գնդակ մարզաձեւի  մարզիկ Դավիթ Հովակիմյանի գործը, կարծես թե, նոր ընթացք է ստանում: Բանն այն է, որ 15-ամյա տղայի սպանության գործով մեղադրյալը հաղորդում է ներկայացրել հատուկ քննչական ծառայություն` իր դեմ իրականացրած բռնությունների եւ իրական մեղավորի մասին, ինչի արդյունքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ:

 

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 11-ին Վանաձոր քաղաքում ձեռքի գնդակի առաջնություն էր, որին մասնակցում էին Ալավերդի քաղաքի, Երեւանի Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջանների եւ ԼՂՀ-ի «handball»-ի թիմերը: Դավիթը Աջափնյակ վարչական շրջանի թիմի ավագն էր: Մրցումների արդյունքում Աջափնյակ համայնքը հաղթել էր` զբաղեցնելով առաջին տեղը: Մրցումների ավարտից հետո՝ ուշ երեկոյան, Վանաձոր քաղաքում վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի արդյունքում Դավիթ Հովակիմյանը սպանվել էր:

Տղայի սպանելու գործով կալանավորվել էր Վանաձորի Տերյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, «Քուրդ» մականվամբ 22-ամյա Կարեն Կունգորցեւը, որն արդեն շուրջ 2 տարի է, ինչ  հայտարարում է, որ ինքը կատարվածի հետ կապ չունի եւ ինքը չի սպանել Դավիթին:

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Դավիթ Հովակիմյանին սպանել է Վանաձորի ԱԱԾ աշխատակցի որդին, որին էլ իրավապահ մարմինները խնամքով թաքցնում են: Ու մինչ այս գործը դատարան կմտներ, եւս մեկ հոգի կալանավորվեց: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. օգոստոսի 29-ի դատական նիստում որոշում կայացրեց՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանին կալանավորել: Վ. Ղուկասյանը մեղադրվում է Դավիթ Հովակիմյանի մահվան հարցում մեղքի բաժին ունենալու մեջ՝ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու եւ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով:

Երկու տարի է, ինչ սպանությունը կատարող Կարեն Կունգորցեւի եւ վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի գործով դատական նիստերն ընթանում են: Եւ, ահա, պարզվեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում եւս մի քրեական գործ է հարուցվել այս սպանության գործով: Բանն այն է, որ կալանավոր Կարենը հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ սպանություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժին բերման ենթարկվելուց հետո հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրեն ծեծի են ենթարկել՝ ստիպելով ընդունել, որ հանցագործությունը ինքն է կատարել:

Կարենը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ սպանության փորձը կատարել է այլ անձ, որի հայրը զբաղեցրած պաշտոնի բերումով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Լոռու մարզի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց հետ, սակայն վերջիններս նրան քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով հանցագործության կատարումը մեղսագրել են իրեն:

Արդյունքում՝ հաղորդման հիման վրա հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ասել է թե՝ ՀՔԾ-ն  կալանավորի հաղորդման հիմքում հանցակազմ է տեսել, ուստի չի բացառվում, որ Աջափնյակ համայնքի ձեռքի գնդակի թիմի 15-ամյա ավագի սպանության գործով աղմկալի բացահայտումներ լինեն: Ի վերջո, ըստ շրջանառվող լուրերի՝ սպանությունը կատարել է Վանաձորի ԱԱԾ աշխատակցի որդին, որին ամեն կերպ ուզում են ջրից չոր դուրս բերել:

Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ կալանավայրում այս գործով մեղադրյալ Կարենի եւ Վանաձորի քննչական բաժնի բարձրաստիճան պաշտոնյայի միջեւ առերեսում է եղել,  եւ Կարենը պնդել է այն, ինչը հաղորդել է ՀՔԾ-ին:

Այնպես որ, սպասենք զարգացումներին:

Հեղինակ` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին