Իրավապահներն այսօր առավոտյան դիմակավորված մտել են Տիչինայի փողոցում գտնվող «ԼԱ ԴԵՖԱՆՍ» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել են հատակին ու խուզարկություն սկսել:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ աշխատակիցներից ոմանց ցանկացել են տանել հարցաքննության:
Ըստ աշխատակիցների՝ ահազանգի հյուրանոցը կապում են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» հետ ու չի բացառվում, որ խուզարկության նպատակը կապված է օրեր առաջ Սեւանում տեղի ունեցած սպանության հետ։
Հիշեցնենք, որ սպանվեց ավագանու անդամ Արսեն Աֆինյանը: Նշենք, որ գործով խուլիգանության համար կալանավորվել է քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» եղբոր որդին՝ Լևոն Բանդուրյանը, ու չի բացառվում, որ քրեական վարույթի շրջանակներում էլ իրավապահները մտել են նրա պատկանող տարածքներ խուզարկության:
Կայքը կապ է հաստետել հյուրանոցի հետ՝ հասկանալու համար, թե խուզարկությունն ինչ նպատակով է իրականացվել։ Ի պատասխան հյուրանոցի տնօրեն Արկադի Կիրակոսյանը հայտնել է, որ հյուրանոցը կապ չունի Ալիկ Բանդուրյանի հետ, ու այն ինչ փնտրում էին, չեն գտել, ու այս ամենն ավելի շատ նման է շոուի.
«Իրավապահները ընկել են շփոթմունքի մեջ ու հյուրանոցը կապ չունի Ալիկ Բանդուրյանի հետ, այլ անձի է պատկանում, այն ինչ ման են եկել, չեն գտել, ուղղակի շոու է: Իրենք ցենզուրայից դուրս բաներ էին պահանջում, ու ես ոչինչ չէի հասկանում, կրկնում եմ՝ շոուի նման էր, ցույց տան, թե աշխատում են»:
Հարցին, թե կոնկրետ, որ ուժային կառույցն է մտել, Արկադի Կիրակոսյանը նշել է, որ ԱԱԾ-ն, ու որեւէ աշխատակցի հարցաքնության չեն տարել: