Ազգային անվտանգության ծառայությունը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից անհայտ անձանց կողմից քաղաքացիներին զանգահարելու վերաբերյալ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դիմումը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ նշելով, որ դիմումը ուսումնասիրման փուլում է:
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը՝ ձայնի միջոցով փորձում տպավորոււթյուն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց: Տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին»: Խոսքը օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հետ զրույցի ձայնագրության մասին է, երբ վարչապետը զանգում էր պատահական քաղաքացիների եւ հետաքրքրվում, թե ինչպես են դիմանում արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներին: