Ազգային անվտանգության ծառայությունը մտադիր է համակարգը համալրել նոր սարքավորումներով եւ գրասենյակային տեխնիկայով:
ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է բյուջեում վերաբաշխում կատարել, եւ որոշ ծախսերը նվազեցնելու հաշվին ձեռք բերել սարքավորումներ եւ այլ աշխատանքներ կատարել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հուլիսի 26-ի նիստի օրակարգից:

Aravot.am-ն է գրում ու նշում, որ բյուջեի վերաբաշխումը Վանեցյանը հիմնավորում է՝ «ԱԱԾ օպերատիվ աշխատանքների արդյունավետության բարձրացման, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի արդիականացման եւ հետագա զարգացման, ինչպես նաեւ այլ անհետաձգելի խնդիրների կարգավորումն ապահովելու համար»: Ըստ որոշման նախագծի, նվազեցնելով որոշ հոդվածներով նախատեսված գումարները, կավելանան «Վարչական սարքավորումներ» հոդվածի գումարը` 147,7 միլիոն դրամով, «Նախագծահետազոտական աշխատանքներ» գումարը` 20, միլիոն դրամով` Երեւանի Պ. Սեւակի փողոցում հատկացված շենքի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվարկային փաստաթղթերի պատրաստման համար:
Եվ այսպես, ԱԱԾ-ն պատրաստվում է ձեռք բերել 70 հատ 25 եւ 35 հազար դրամանոց գրասեղաններ, 10 հատ գրասեղան էլ ղեկավարների համար՝ 60 հազար դրամանոց:

Ինչպես նաեւ գրապահարաններ, զգեստապահարաններ, կախիչներ, բազկաթոռներ, գզրոցներ, 20 հատ ճաշասենյակի կահույք եւ 184 հատ ննջասենյակի կահույք, 4 հատ հյուրասենյակի կահույք, 25 հատ չհրկիզվող պահարաններ, 30 հատ բազկաթոռ-ղեկավարի, ճեմասրահի եւ ընդունարանի կահույք՝ 4 հատ, էլեկտրական տաքացուցիչ՝ջերմային կարգավորիչով՝ 20 հատ, 2 հատ փոշեկուլ եւ 20 հատ հեռուստացույց, ջրի պոմպեր՝ 3 հատ, շղթայավոր սղոց՝ 3 հատ, խոտհնձիչ մեքենա՝ 3 հատ, 30 հատ օդորակիչ, 15 հատ հովհարիչներ, կենցաղային սառնարան՝ 5 հատ, համակարգչային տեխնիկա եւ այլ իրեր:
Ընդհանուր առմամբ այն, ինչ ԱԱԾ-ն ցանկանում է ձեռք բերել՝ այդ պահարան-սառնարան եւ այլ իրերը միասին արժեն 167 միլիոն 740 հազար դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


