Արդեն տեղեկացրել ենք, որ «Տելեկոմ Արմենիա» (Team Telecom Armenia) և «AzerTelecom» ընկերությունները ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։
Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի մասնագետների հետ․ հոդվածը ներկայացնում ենք ստորև․
««Team Telecom Armenia»–ի ղեկավար Ալեքսանդր Եսայանը, որը տարիներ առաջ «Յուքոմ»–ի ղեկավարն էր, 2013թ–ին «Յուքոմ»–ի պայմանագրում նշել էր, որ ինտերնետ տրաֆիկը չպետք է գնա Թբիլիսի-Բաքու, հետո Ռուսաստան։ Հիմա նույն մարդը կնքում է պայմանագիր ադրբեջանական ընկերության հետ` այդ նույն ուղղության վերաբերյալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցնում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը` մեկնաբանելով հայկական «Team Telecom Armenia» և ադրբեջանական «AzerTelecom» ընկերությունների միջև կնքված համաձայնագրերը։
Հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ «Տելեկոմ Արմենիա» (Team Telecom Armenia) և «AzerTelecom» ընկերություններն ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ «Տելեկոմ Արմենիայի» տարածած հաղորդագրության համաձայն` համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը։
«Սա նշանակում է` այն ժամանակ կային կասկածներ կամ այն ժամանակ քաղաքականությունը այդպիսին էր, այսօր քաղաքականությունն այլ է»,– ասում է անում Սաղյանը` հավելելով, որ 2013թ–ին Հայաստանի տրաֆիկն անցնում էր 3 ճանապարհով՝ Երևան-Թբիլիսի-Վառնա (Սև ծովով), 2-րդը` Նովոռոսիյսկ և 3-րդ ճանապարհը՝ Երևան-Թբիլիսի-Բաքու-Մոսկվա։
Ադրբեջանով անցնող ինտերնետի հարցը, մեր զրուցակցի խոսքով, այդ տարիներին անգամ մինչև ԱԱԾ էր հասել, և պարզվել էր, որ հայաստանյան օպերատորներից միայն «Յուքոմ»–ի պայմանագրում է ամրագրված, որ տրաֆիկը չպետք է անցնի Բաքվով։ Այս աղմուկից հետո հայկական այլ ընկերություններ ևս իրենց պայմանագրերում նման կետ ավելացրեցին։
Ընդ որում, այդ տարիներին տրաֆիկն Ադրբեջանի տարածքով ուղղելու որոշումը կայացնում էին վրացական տրանզիտ ապահովող ընկերությունները, եթե պայմանագրում սահմանափակող կետ չկար։
Խոսելով կապի և դրանով փոխանցվող տվյալների անվտանգության մասին` Գրիգոր Սաղյանը նշում է, որ դրանց մեծ մասն այսօր շիֆրավորված, գաղտնագրված է ասիմետրիկ բանալիներով, ինչի շնորհիվ դրա վերծանումը գործնականում անհնար է։
«Այնպես որ առանձնապես անհանգստանալ պետք չէ։ Ցանկալի է, իհարկե, օգտագործել լրացուցիչ շիֆրավորման միջոցներ։ Օրինակ` էլեկտրոնային փոստը, եթե մարդը շատ հիվանդագին է ընդունում, հնարավորություն կա շիֆրավորել PGP-ով։ Բայց հիմնականում տրաֆիկը, թեկուզ gmail-ը, որ բացեք, վերևում https է գրված։ s–ը նշանակում է securus (անվտանգ)»,– պարզաբանում է մասնագետը։
Միաժամանակ Սաղյանը հիշեցնում է, որ համաձայնագիրը երկկողմանի է, հետևաբար, այն բոլոր ռիսկերը, որ առկա են հայկական կողմի համար, առկա են նաև ադրբեջանական կողմի համար։
«Իհարկե, կան կասկածներ, որ այն ալգորիթմը, որով շիֆրավորվում է, հենց այդ ալգորիթմն ունի խոցելիություն։ Իսկ այդ ալգորիթմը մշակված է ԱՄՆ–ի գիտնականների կողմից։ Այնպես որ, եթե վերծանումը հնարավոր է, ապա միայն ԱՄՆ–ի մասնագետների, օգնությամբ»,– նշում է Սաղյանը։
Այս տարբերակից անհանգստացող օգտատերերին, մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս օգտվել այլընտրանքային միջոցներից, օրինակ, «Starlink»-ից և առանց տեղական կամ միջազգային օպերատորների միանալ անմիջապես արբանյակային ցանցին։
«Շարքային քաղաքացին ի՞նչ գաղտնիքներ ունի, որ անհանգստանա։ Խոսքը այն հիմնարկների մասին է, որոնց համար տեղեկատվությունը կրիտիկական նշանակություն ունի, ասենք, ԱԱԾ, բանակ, ոստիկանություն, քաղաքական գործիչներ։ Նման կարևոր անձանց համար բյուջեում կարող է նախատեսվել «Starlink»-ի բաժանորդագրության ամսական 20 000 դրամը` անվտանգության նպատակով»,– առաջարկում է մասնագետը։:
Մեդիափորձագետ, կիբեռանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստան–Ադրբեջան ինտերնետ տարանցումը համեմատում է երկաթուղային տարանցումների հետ` շեշտելով, որ եթե երկաթուղում դեպքում կապն ավելի շատ անհրաժեշտ է մեր երկրին, ապա ինտերնետի դեպքում շահագրգիռ կողմն Ադրբեջանն է, որին անհրաժեշտ է տարանցիկ կապ՝ Նախիջևանի հետ։
Ինչ վերաբերում է «Telecom Armenia»-ին, Մարտիրոսյանը նկատում է, որ ընկերության ավելի վաղ հրապարակած տվյալներով` Հայաստանով անցնող օպտիկամանրաթելային մայրուղային մալուխների միայն 10-15%-ն է պատկանում իրենց։ Բայց ընկերությունը չի թաքցնում, որ նպատակ ունի ընդլայնել միջազգային տարանցման մեջ իր մասնակցությունը:
«Այժմ Հայաստանը նույնպես կարող է ինտեգրվել Արևելք-Արևմուտք տարանցիկ միջանցքին, քանի որ Ղազախստանը նույնպես կսկսի իր տրաֆիկն իրականացնել Հայաստանով», - ասում է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ «Team Telecom»-ի ներկայացուցիչները նախկինում հայտնել էին, որ ընկերությունը նաև շահագործում է երկու ուղիղ տարանցիկ օպտիկական մալուխներ դեպի Թուրքիա»:


