ԵԽԽՎ նիստի ժամանակ հայ ռազմագերիների հարցի քննարկման ընթացքում ադրբեջանական պատվիրակերից Քամալ Ջաֆարովը իր ելույթի ժամանակ «տեռորիստ» է անվանել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Ադրբեջանի ներկայացուցիչը, մասնավորապես, ցուցադրել է Զոհրաբյանի՝ անցած տարի նոյեմբերի 8-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած սեփական լուսանկարը, որին կից գրառմամբ Զոհրաբյանը կոչ է անում. «Խփեք Մինգեչաուրի ջրամբարին: Նրանք թքած ունեն միջազգային իրավունքի վրա»:
Ադրբեջանցի պատվիրակն ասել է, որ «սա տեռորիստ է եւ պետք է գնահատական տալ նրա տեռորիստական հայտարարություններին»:
Այս հայտարարության վերաբերյալ Զոհրաբյանը Hraparak.am-ին ասել է. «Փաստորեն տարիներ շարունակ Հայաստանում ահաբեկիչներ փնտրելու Ադրբեջանի ջանքերը արդյունք տվեցին՝ Քամալ Ջաֆարովը գտավ ահաբեկիչին։ Շնորհավորում եմ ադրբեջանական պատվիրակությանը՝ ապուշության նոր ռեկորդ սահմանելու համար»: