▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը փորձում է վերսկսել պատերազմը, ինչը բերելու է հրադադարի՝ կրկին պարտադրված և ավելի ցավոտ. Մովսես Հակոբյան

Հրադադարը լավագույն լուրն է եղել, որ Ադրբեջանի և Արցախի ժողովուրդն իմացել է, որովհետև հրադադարի ռեժիմին սպասում էին բոլորը, չնայած որ այն պարտադրվել է Ադրբեջանին, նա պարտադրված է եղել գնալ դրան:

Այս մասին մի խումբ լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հրադադարի ռեժիմի կնքման պայմանագրին: Հիշեցնենք, որ երեկ լրացավ  հրադադարի ռեժիմի կնքման 21-րդ տարին:

«Սկզբնական շրջանում հրադադարի ռեժիմը բավականին լավ պահպանվում էր, և, ընդհանրապես, որպես այդպիսին  միտումնավոր խախտումներ չէին լինում: Սակայն վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմը միտումնավոր խախտվում է և որոշակի նպատակներ է հետապնդում: Իմ կարծիքով՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ սխալվում է, փորձ է անում վերսկսել պատերազմը, ինչն անկասկած նորից բերելու է հրադադարի, և ես վստահ եմ, որ այդ ժամանակվա  հրադադարը Ադրբեջանի համար ևս լինելու է պարտադրված և ավելի ցավոտ, քան այն կարգավիճակը, ինչն այսօր կա»,-ասաց նա:

Մովսես Հակոբյանը նշեց, որ Արցախի բանակը երբեք չի ուզում պատերազմ սկսել: «Մենք դա հայտարարում ենք քաղաքական իշխանության բոլոր հայտարարություններով, և բանակցային գործընթացում ևս ասում ենք, որ մենք պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ և մեր հարցերը կարգավորվել բանակցային գործընթացի սեղանի շուրջ: Արցախի քաղաքական իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ է փոխզիջումային տարբերակին, ինչը չի ընկալում Ադրբեջանը, նա ընկալում է միայն զիջում»,- ասաց նա և նշեց, որ եթե չկա փոխզիջում, ապա միայն զիջումով պատերազմները կամ հակասությունները երբեք չեն հարթվում:

«Երբ Ադրբեջանը կհասկանա, որ կարելի է գնալ փոխզիջման և այդ փոխզիջումն  ինքը ճիշտ ընկալի, կարծում եմ, որ խաղաղությունն այս տարածաշրջանում կհաստատվի վերջնական, ինչի համար բոլոր նախադրյալները կան, և որևէ գաղտնիք այս ժամանակաշրջանում չկա»,-ասաց նա:

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին