Հնարավո՞ր է՝ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» բացելու պատրվակով հարձակվի Հայաստանի վրա։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, պատասխանելով այս հարցին, ասել է.
«Ադրբեջանի հարձակումն անխուսափելի է։ Կարդացեք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, այն Ադրբեջանը կյանքի է կոչելու»։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվեն: Ըստ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցություն, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները:
Մովսես Հակոբյանի գնահատմամբ՝ Ադրբեջանին որևէ բան չի կարող հետ պահել, անգամ «խաղաղության պայմանագիր» կոչվածը։
«Ադրբեջանը երբեք մեզ հետ խաղաղության պայմանագիր չի կնքելու»,- շեշտել է Մովսես Հակոբյանը։
Հարցին՝ Ադրբեջանի հարձակման դեպքում ո՞ր երկիրը կարող է աջակցել Հայաստանին, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու և ՀՀ-ում ռուս սահմանապահների դուրսբերման մասին, Մովսես Հակոբյանը պատասխանել է՝ չգիտի, թե ով կաջակցի Հայաստանին, այդ հարցի պատասխանը չունի։