▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի հատուկ ծառայությունները հետաքրքրվել են հայ պաշտոնյայի սիրուհու տվյալներով. pastinfo.am

 

pastinfo.am-ը գրում է, որ Երևանի 61-ամյա բնակիչ Խաչիկի դեմ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է ու ուղարկվել դատարան:   
 
Այսպես, ըստ գործի նյութերի՝ Խաչիկը ֆինանսական խնդիրների լուծման և գումար վաստակելու ակնկալիքով 2013 թվականի օգոստոսի 6-ին մեկնել է Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաք՝ սեփական նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանության վարչական շենքի վրա փակցված պաշտոնական հեռախոսահամարով կապվել է դեսպանության աշխատակից ոմն Ալեքսանդր Իվանովիչի հետ և առաջարկել իր ծառայությունները։ 
 
Վերջինիս միջնորդությամբ՝ արդեն 2013թվականի սեպտեմբերի 19-ին Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանից այցելած Մախմուդ անունով ներկայացած մի անձնավորության հետ, ով Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից է եղել։
 
Խաչիկը  նրանից ստացել է 500 ԱՄՆ դոլար գումար և առաջադրանք՝ տվյալներ հավաքել ՀՀ ՊՆ պատասխանատու պաշտոն զբաղեցնող, «Ինֆինիտի» մակնիշի արծաթագույն «ջիպ» տեսակի ավտոմեքենա վարող մի անձնավորության վերաբերյալ: Ինչպես հետագայում պարզվել է, այդ անձնավորությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Կարապետյանն է եղել: Ադրբեջանի հատուկ ծառայությունները հետաքրքրվել են նաև հայ պաշտոնյայի սիրուհու կենսորոշիչ տվյալներով ու բնակության հասցեով։ 
 
Արդեն 2013 թվականի հոկտեմբերի 20-ին նա Թբիլիսի քաղաքում Մախմուդին է փոխանցել իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ հեռախոսի օգնությամբ նկարած նմանատիպ ավտոմեքենայի լուսանկարներ և հարևանությամբ բնակվող էլինայի տվյալները, որին չէր համակրում։ Փոխանցած նկարներն ու տվյալները ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից օգտագործվել են Կարապետյանին հրապարակայնորեն՝ համացանցի միջոցով, վարկաբեկելու նպատակով: 2013թ. հոկտեմբերի 26-ին ադրբեջանական ինտերնետային մի շարք լրատվական կայքերում հրապարակվել է հոդված «Ադրբեջանական հետախուզությունը Երևանում» վերնագրով։ 
 
Այդ տվյալների փոխանցման ժամանակ Խաչիկն ստացել է երկրորդ առաջադրանքը, այն է՝ ճշտել ՀՀ ՊՆ սննդամթերքի, հագուստեղենի, զենք-զինամթերքի, դեղորայքի թվով 4 պահեստների տեղակայման կոնկրետ վայրերն ու հասցեները, կատարել նկարահանումներ, ինչպես նաև՝ հավաքել տեղեկատվություն Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զինվորական բազայի վերաբերյալ։ 
 
Այս  առաջադրանքն ստանալուց հետո նա հեռախոսի միջոցով կատարել է ոչ զինվորական օբյեկտների նկարահանումներ, սակայն լուսանկարները չի փոխանցել, քանի որ ադրբեջանցիները դեռևս չէին կատարել առաջին հանձնարարության համար տրված՝ իր ավտոմեքենայի նորոգման համար պահանջվող փոխանցման տուփ տրամադրելու խոստումը: 
 
Խաչիկն, այսպիսով, մեղադրվում է օտարերկրյա հետախուզության առաջադրանքով Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար այլ տեղեկություններ հավաքելու և հանձնելու, լրտեսության ձևով պետական դավաճանություն կատարելու մեջ:
 
Խաչիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն):

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին