▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի հավանական մասնատման մասին

Վերջին օրերին կարծիքներ են հնչում Ադրբեջանի հավանական մասնատման վերաբերյալ: Կատարվում են վերլուծություններ, քննարկումներ, իսկ հնարավոր բաժանման համար որպես հիմք դիտարկվում են Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ակնկալվող ընդվզումները և իհարկե՝ իսլամական գործոնը: Նույնիսկ արդեն բաժանված Ադրբեջանի քարտեզ է աչքովս ընկել, բայց այս ամենի հետ մեկ տեղ վերլուծաբանները հստակ չեն նշում, թե ինչպես են նրանք այդ գործընթացը պատկերացնում: Եթե նշվում է Իսլամական գործոնը,արդյոք հաշվի առնում են, որ այդ երկրի բնակչության գոնե ճնշող մեծամասնությունը խորապես թափանցված չէ կրոնական գաղափարներով, իսկ հասարակությունը բավականին աշխարհիկ կյանքով է ապրում: Այո՛, այդ երկրում կան մեծ թվով մզկիթներ, մարդիկ այցելում են, աղոթում: Պաշտոնական թվերը հայտնում են, որ բնակչության մեծ մասը շիա է, բայց պետք է փաստել, որ Ադրբեջանում իսլամի համակարգային պարտադիր բաղադրիչների մեծ մասը չեն գործում: Կա արդյոք ադրբեջանական փոքրաթիվ վահաբիտներին միավորող և ամբողջացնող կառույց, ես որ չեմ հանդիպել: Վերջին տասնամյակներում Ադրբեջանի մասնակցությունը իսլամական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին խիստ սահմանափակ է: Կարելի է առանձնացնել աչքի ընկնող մի քանի իրադարձություն՝ ԻՎԿ-ի անդամ դառնալը, Հեյդար Ալիևի իրագործած Հաջը, Իրաքում և Սիրայում տեղի ունեցող պատերազմներին մի քանի հարյուր վահաբիտների մասնակցությունը և ոչ մի այլ նշանակալի բան:
Երկրում չկա իսլամական ընդդիմություն, լինում են դեպքեր, երբ հավատացյալը հստակ չգիտի ինքը սուննի է, թե՝ շիա, այլ խոսքով ասած Ադրբեջանը ունի Խորհրդային Միության տարիներին սեկուլյարիզացիայի ենթարկված բնակչություն, որը հազիվ թե կկարողանա կամ կցանկա մոտակա մի քանի տարիներին վերադառնալ Իսլամին:
Իսկ ինչ վերաբերվում է ազգային փոքրամասնություններին, նշենք, որ դրանք բավականին թույլ են և անկազմակերպ և առաջիկա մի քանի տարիների ընթացքում ընդվզման տենդենցներ չեն նկատվում, քանի որ այս պահի դրությամբ նրանց միակ մտահոգությունը այն է, թե ինչպես ազատվել ազգայնական ուժերի բռնաճնշումներից:
Վերոհիշյալ ներքին փաստարկներից բացի, չկա նաև Արդբեջանի մասնատումով շահագրգռված որևէ արտաքին ազդեցիկ ուժ՝ բացառությամբ Իրանի, որը լավագույն ցանկության դեպքում էլ դա չի կարող իրագործել:
Հ.Գ. Պետք չէ կորցնել իրականության զգացողությունը և ընկնել ծայրահեղության գիրկը:
Կարպիս Փաշոյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին