Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման արդյունքում 2014-ի նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է զինծառայողների մահվան 5 և վիրավորման 1 դեպք։
Կարևոր է նշել, որ վերոնշյալ դեպքերից միայն մեկն է, որ տեղ է գտել Ադրբեջանի պետական կառույցների պաշտոնական հաղորդագրություններում։ Մնացած արտակարգ պատահարների մասին հայտնի է դարձել հիմնականում Ադրբեջանի ընդդիմադիր մամուլի հրապարակումներից։
Կարող ենք արձանագրել նաև, որ 2014-ի օգոստոսից ի վեր, երբ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում արձանագրված լարվածության հետևանքով Ադրբեջանը կրեց մեծաթիվ կորուստներ, որոնց մասին տեղեկությունները հաճախ ոչ պաշտոնական լրահոսի միջոցով տեղ էին գտնում տարբեր լրատվակայքերում և սոցցանցերում, նկատվեց բանակում գրանցված արտակարգ միջադեպերի մասին պաշտոնական հաղորդագրությունների կտրուկ նվազում։
Պետք է նկատել նաև, որ ադրբեջանական «Դոկտրինա» ռազմական լրագրողական հետաքննությունների կենտրոնը, որը ակտիվորեն հետևում ու լուսաբանում էր բանակում և ուժային կառույցներում տեղ գտած միջադեպերը, սեպտեմբերից ի վեր դադարեցրել է այդ թեմայով իր հրապարակումները, ինչը, հավանաբար, կրկին պայմանավորված է տեղեկատվական դաշտի թափանցիկության սահմանափակմամբ։
Այդուհանդերձ, ինչպես նշվեց, ընդդիմադիր մամուլի միջոցով հայտնի են դարձել մահվան մի շարք միջադեպեր, որոնք ՊՆ մամուլի ծառայությունը փորձել է թաքցնել։
Կորուստներ
Նոյեմբերին գրանցված մահվան 5 դեպքերից 2-ը մարտական են, գրանցվել են ՊԲ հատուկ նշանակության ուժերի իրականացրած՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի տարհանման գործողության ընթացքում։ Մյուս 3-ը արտակարգ պատահարների հետևանք են։
Մարտական կորուստներ
•Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, որում նշեց, որ նույն օրը «հայկական կողմից արձակած գնդակից» մարտական դիրքում սպանվել է 1995-ին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Ազիզով Ռուսթամ Իզզեթ օղլուն։
Երկու օր անց՝ նոյեմբերի 22-ին, հայտնի դարձավ, որ հայկական օդուժի՝ միջդիրքային գոտում ընկած ուղղաթիռի անձնակազմի դուրսբերման հատուկ գործողության ընթացքում ՊԲ մարտիկները ոչնչացրել են հակառակորդի 2 զինծառայող։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց, թե այդ օրն առաջնագծում ունեցել է որևէ կորուստ, ինչին ի պատասխան ՊԲ մամուլի ծառայությունը տարածեց հաղորդագրություն՝ նշելով, որ «խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի տարհանման հատուկ նշանակության գործողությունն իրականացվել է ոչ թե երեկ, այլ այն օրը, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել առաջնագծում կրած իր կորուստների վերաբերյալ»։
Ելնելով վերոնշյալից, կարելի է ենթադրել, որ նոյեմբերի 20-ին սպանված շարքային Ազիզովը հատուկ գործողության ընթացքում ոչնչացված հենց այն 2 զինծառայողներից մեկն է, ում մասին հայտնել էր ՊԲ-ն։
Ոչ մարտական կորուստներ
• Նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ Ադրբեջանի ներքին զորքերի՝ Ղուբայում տեղակայված զորամասերից մեկում գրանցված մահվան ելքով միջադեպի մասին։ Շարքային Մեմմեդով Մահիր Քերեմ օղլուն ավտոմատով կրակել է իր ծառայակցի՝ Աղստաֆայի շրջանից զորակոչված զինծառայող, շարքային Մուսաև Ադիլ Ռուսթամ օղլուի վրա, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Ինքը՝ Մեմմեդովը, դեպքից հետո փախել է զորամասից։ Հայտնի չէ արդյո՞ք իրավապահներին հաջողվեց հայտարարված հետախուզման արդյունքում գտնել նրան, թե ոչ։
•Ադրբեջանական «Լրագրողական հետաքննությունների կենտրոնի» կայքն իր դեկտեմբերյան հրապարակումներից մեկում անդրադարձավ պայմանագրային զինծառայող Շիրալիև Խալիդ Էլեսգեր օղլուի մահվան դեպքին, որն ամենայն հավանականությամբ եղել է սպանություն։ Զինծառայողը փախել է զորամասից՝ չդիմանալով այնտեղ տիրող մթնոլորտին։ 2014-ի հոկտեմբերի 31-ին նրան տնից բերման են ենթարկել ռազմական ոստիկանության Բաքու քաղաքի բաժանմունքներից մեկի աշխատակիցները։ Մի քանի օր անց, սակայն, Շիրալիևի դին դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է Բաքվի հիվանդանոցներից մեկի դիահերձարանում։
•Ադրբեջանի ՊՆ՝ Գեդաբեկի շրջանում (սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին) տեղակայված զորամասերից մեկում, ենթադրաբար նոյեմբերի 24-30 ժամանակահատվածում, ամրակցված ծառայողական զենքով ինքնասպան է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Դադաշով Նուրլան Ալի օղլուն։ Ադրբեջանի ՊՆ-ն միջադեպի մասին չի հայտնել, իսկ տեղեկությունը հրապարակած ընդդիմադիր Meydan.tv հեռուստաալիքի լրատվակայքը փորձել է դեպքի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ ՊՆ մամուլի ծառայության պետից, ով սակայն նշել է, որ «ինքը Բաքվում չէ, իսկ լրատվամիջոցներին անհրաժեշտ ողջ տեղեկությունը հրապարակվում է ՊՆ կայքում»։
Վիրավորներ
Ադրբեջանի ներքին զորքերի՝ Գյանջայում (Գանձակ) տեղակայված զորամասում ենթասպաներից մեկը նոյեմբերի 5-ին մարմնական վնասվածք է հասցրել նույն զորամասի զինծառայողին, ինչից հետո դիմել է փախուստի։
Ի մի բերելով 2014-ի հունվար-նոյեմբեր ամիսների մշտադիտարկման արդյունքները, նշենք, որ հայտնի է դարձել ադրբեջանական բանակում և ուժային այլ կառույցներում 86 զինծառայողի մահվան և 109-ի վիրավորման մասին։ Նշենք նաև, որ այդ 86 զինծառայողից 35-ը մարտական կորուստ է։
Հայաստանի ռազմական կորուստների վերաբերյալ տեղեկությունն՝ այստեղ։