Այսօր ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ: Ի թիվս այլ հարցերի, օրակարգում է լինելու նաեւ 7 միջազգային համաձայնագրերի հարցը՝ շուրջ 260 մլն դոլարի վարկեր վերցնելու մասին։ ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներն առաջարկեցին ընդհատել նիստը՝ ուշադրություն հրավիրելով երկրում ստեղծված իրավիճակին:
Նիստն ընդմիջվեց 20 րոպեով, որից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ խորհրդակցեցին խմբակցությունների ղեկավարների հետ և բոլորն էլ համամիտ կլինեն, որ հայտարարության տեքստով կամ քաղաքական ուժերի ստորագրությամբ որևէ դատապարտող տեքստ հրապարակվի:
ԱԺ նախագահն առաջարկեց համատեղ տեսքտ պատրաստել և, եթե նպատակահարմար կգնտեն, 18:30-ին արտահերթ նիստ կհրավիրեն:
«Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քննարկեցին ստեղծված իրավիճակն ու կարևորում են արտահերթ նիստ հրավիրելը.
«Քանի դեռ այս հարցը չի քննարկվել, մենք ճիշտ չենք համարում այս օրակարգին անդրադառնալը, ուստի քաղաքական ուժերով բոյկոտում ենք այս արտահերթ նիստը»,-հայտնեց պատգամավորը:
Մինչ ամբիոնին կմոտենար Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը և կներկայացներ վարկերի համաձայնագրերը, ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը: