ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկի) և Բամբակաշատի գյուղապետի նախկին թեկնածու Գոռ Մելիքյանի հակամարտությունը, որը սեպտեմբերի 9-ին վերաճեց Մելիքյանների գերդաստանի հանդեպ խոշոր բռնության, հին պատմություն ունի։
Այս մասին գրում է a1plus-ը:
Ըստ բամբակաշատցիների, Ալիկ Պետրոսյանի դուստրը՝ Ռոզան, տարիներ առաջ ամուսնացել է Գոռ Մելիքյանի եղբոր՝ Արթուրի հետ։
Ընտանիքն ապրել է գյուղում և ունեցել մեկ դուստր՝ Մանեին։ Ինչպես գրում է կայքը, երբ Ալիկ Պետրոսյանն իրեն պատկանող կոնյակի գործարանի շնորհիվ 7 տարի առաջ հարստացել է, դստեր՝ հարազատ գյուղում հարս լինելն այլևս օլիգարխի կարգավիճակ ձեռք բերելու ճանապարհին գտնվող մարդուն հաճելի չի թվացել։ Ըստ գյուղացիների, պարոն Պետրոսյանը 5-6 տարի առաջ դստերը բաժանել է Արթուրից և աղջկան ամուսնացրել երևանամերձ 3-րդ սովխոզից մեծահարուստ Խորոզյանների որդու հետ։ Բամբակաշատցիները Ռոզայի նոր ամուսնուն հաճախ են տեսել հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող երգիծական հաղորդումով։
Գյուղացիներն ասել են, որ սկզնական շրջանում ԱԺ գործող պատգամավորը Արթուրին թույլ էր տալիս հանդիպել դստերը, սակայն՝ 3 ամիսը մեկ անգամ։ Որոշ ժամանակ հետո նա ընդհանրապես արգելելէ հանդիպումները։ Արթուրն, ըստ գյուղացիների, հասկացել է, որ Բամբակաշատցի Ալիկը հիմա «ՄԱՊ-ի Ալիկն» է, որի թուրը կտրում է աջ ու ձախ և ինքը Հայաստանում որևէ տարբերակ չունի դստերը վերադարձնելու, հեռանում է Մոսկվա։ Հարազատ թոռնիկին Ալիկ Պետրոսյանը տալիս է իր ազգանունը, իսկ հոր անվան փոխարեն գրանցում իր անունը՝ Պետրոսյան Մանե Ալիկի։