Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն վարչության նիստը:
Նիստի ավարտին լրագրողները հարցեր ուղղեցին ՔՊ-ի անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին:
Հարցին, թե վարչության նիստին «քննարկվե՞ց Սերժի մնացորդներից ազատվելու հարցը» և հանրությունը ե՞րբ ականտես կլինի մաքրման գործընթացին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այդ գործընթացն ամեն օր տեղի է ունենում, բոլորս տեսնում ենք և լսում, որ ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ, շատ խնդիրներ լուծվել են: Այդ մասին պարզապես չի խոսվում, որովհետև մեդիադաշտի մեծ մասը զբաղված է գումար աշխատելով, դրա դիմաց հետաքրքիր վերնագրեր դնելով»:
Հարցին՝ դուք նշում եք, որ մեդիադաշտի 90%-ն զբաղված է գումար աշխատելով, ունե՞ք նման թվեր, մոնիթորիգ արե՞լ եք, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե ուզում եք ինձ հետ վիճաբանության մեջ մտնել՝ դա 90%-ն է, 70 -ը, թե 95-ը, դրանով ոչնչի չենք հասնի: Մենք լավ գիտենք, որ այսօր մեդիա դաշտի մի ստվար զանգված պատկանում է նախկին իշխանություններին, և գիտենք, թե ինչ թվեր և վաճառքներ են տեղի ունենում... Դա տեսնում են նաև քաղաքացիները: Կարծում եմ, նման քննարկման մեջ մտնելն անշնորհակալ գործ է: Ակնհայտ է, որ արվում է ամեն ինչ՝ լարել հանրությանը գործող իշխանության դեմ, արդարացնել վճարողի սպասումները և ներկայացնել կոնտեքստից կտրված շատ իրավիճակներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»:
Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին: