«Պարզվում է՝ միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը Ռուսաստանը համարում է ցուցադրական հակառուսական ժեստ»,-նման դիտարկում է արել ԱԺ նախագահը՝ Տելեգրամի իր ալիքում՝ արձագանքելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի երեկվա հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան նշել էր, թե Մալթայում կայացած «Խաղաղության բանաձև» խորհրդաժողովին մասնակցությունը և դրա շրջանակում Հայաստանի ԱԽ քարտուղարի հանդիպումը Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի հետ Մոսկվան համարում է ցուցադրական հակառուսական ժեստ:
Ալեն Սիմոնյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Պարզվում է՝ միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը ՌԴ-ն համարում է ցուցադրական հակառուսական ժեստ: Հայաստանը պետք է ոչ մեկի հետ չշփվի, ոչ մի այլ հարթակի չմասնակցի, ոչ մեկին բարև անգամ չտա :
Սա են, թերևս, «դաշնակցային ճիշտ» պատկերացումները:
Հայաստանը պետք է մշտապես գոյաբանական կախվածություն ունենա «դաշնակցից», Հայաստանը պետք է միշտ վախենա, սարսափի, որ եթե «դաշնակիցը» չլինի՝ իրեն կսպանեն, այդ վախը, այդ սուրը միշտ պետք է կախված լինի հայի գլխին, որ լինի «դաշնակիցը»:
Հ.Գ. Իսկ հետաքրքիր է, օրինակ՝ Հայաստանի հետ ակտիվ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելը և ՀՀ-ի հետ համաձայնագրերով ստանձնած պարտավորություններն ակնհայտ չկատարելը նույն տրամաբանությամբ ի՞նչ է»: