▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևն ու Փաշինյանը գիշեր-ցերեկ հայ ժողովրդին ենթարկում են վայրենի շանտաժի»

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կրկին, արդեն որերորդ անգամ, դիմել պետական դավաճանության և լրացուցիչ մեծագույն զիջում-նվիրաբերություններ կատարել հօգուտ Ադրբեջանի։



Դավաճանական քաղաքականությունն իրականացնելու Փաշինյանի գլխավոր միջոցը նույնն է, ինչ թշնամունը՝ անընդհատ ահաբեկել Հայաստանի ժողովրդին նոր պատերազմով ու իբր անխուսափելի պարտությամբ։ Նույնն է անում Իլհամ Ալիևը։ Այսինքն՝ Ալիևն ու Փաշինյանը գիշեր-ցերեկ հայ ժողովրդին ենթարկում են վայրենի շանտաժի։ Պարզապես առաջինն ի ցույց է դնում իր զորքն ու զինատեսակները, իսկ երկրորդը ջանադրաբար կազմալուծում ու վարկաբեկում է իր բանակը, զրկում նրան բարձրագույն հրամանատարությունից, բարոյալքում իր ժողովրդին՝ պարբերաբար հանդես գալով վիզը ծռած, պարտված ու սարսափած ռայայի տեսքով ու կերպարանքով։

Ընդ որում, որևէ երաշխիք չկա առ այն, որ Փաշինյանի առաջարկած նոր զիջումներից հետո Ադրբեջանն ու Թուրքիան մեր առջև չեն դնելու նորանոր պահանջներ։ Ընդհակառակը, նույնիսկ հիմարներին (բայց ոչ՝ դավաճաններին) արդեն պետք է պարզ լինի, որ քանի դեռ Հայաստանում խոսում են հայերեն, քանի դեռ Հայաստանում կան ազատասեր հայեր, քանի դեռ Հայաստանում հիշում են մեր հերոսներին՝ Մամիկոնյաններից մինչև զորավար Անդրանիկ ու Նժդեհ, քանի դեռ Հայաստանը Հայաստան է, Ադրբեջանն ու Թուրքիան չեն հանգստանալու, այլ հետևողականորեն շարունակելու են մեր ազգն ու երկիրն աշխարհի քարտեզի վրայից ջնջելու իրենց ցեղասպանական քաղաքականությունը։

Իսկ այսպես կոչված «միջազգային համայնքը», որի փեշերից Փաշինյանը մեզ առաջարկում է կախվել, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ ու հետագայում մատը մատին չի խփելու թուրքերի ախորժակը զսպելու համար։ Առավելագույնը ինչ կանի այդ կեղծավոր ու թրքասեր «միջազգային համայնքը»՝ անատամ ու ձևական հայտարարություններն են, որոնց մասին ինքն էլ անմիջապես կմոռանա։

Հայաստանի փրկության ճանապարհը մեկն է՝ ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, կարճ ասած՝ Ազգ-Բանակ մոդելի որդեգրում (այս ամենի մասին բազմիցս եմ հանգամանորեն խոսել ու պատճառաբանել)։ Հասկանալի է, որ այս խնդիրները հաջողությամբ լուծելու համար անհրաժեշտ է ազգային իշխանության ձևավորում և, բնականաբար, փաշինյանական խունտայի հեռացում։
Սա միայն կարող է լինել հայության արդյունավետ քաղաքական օրակարգը։ Մնացածը՝ դատարկ խոսակցություններ են։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին