Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Հայաստանում էլ այս ամիս առողջապահության նախարարությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել` ուղղված կրծքագեղձի քաղցկեղի ժամանակին ախտորոշմանն ու բուժմանը։ Իրազեկման մեկամսյա ակցիաները հոկտեմբերի 30-ին ամփոփվել են քայլերթով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քայլերթի ընթացքում անցորդներին տեղեկատվական թերթիկներ է տվել, զրուցել նրանց հետ` ընդգծելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ, միայն թե պետք է այն վաղ փուլում հայտնաբերել, ուստի շատ կարևոր է ուժ ու կամք գտնել ու ժամանակին անցնել բոլոր հետազոտությունները։
Նախարարը նշել է նաև, որ պետպատվերի շրջանակներում միջոցառումներ են իրականացվում ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Լոռիում և Տավուշում ԱՆ շարժական մամոգրաֆի շնորհիվ 50-ից 69 տարեկան կանայք արդեն անցել են անվճար մամոգրաֆիկ հետազոտություններ։ Մամոգրաֆն այժմ Սյունիքի մարզում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումները չեն սահմանափակվի միայն հոկտեմբերով։ Տարվա բոլոր ամիսներին առողջապահության նախարարությունը շարունակելու է բազմաթիվ ծրագրեր իրականացնել` ուղղված թե՛ քաղցկեղի ախտորոշմանը, թե՛ բուժմանը։
Նշվում է, որ Հայաստանում 12 592 կին պայքարում է քաղցկեղի դեմ, ամեն տարի մեր երկրում շուրջ 1 300 նոր դեպք է հաստատվում։
Դիտեք նաև՝