«10 հազար աշխատողը նշանակում է 10 հազար ընտանիք, այդքան մարդու կրճատումը անհասկանալի է՝ ինչպես է նպաստելու Հայաստանի Հանրապետության շահին»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Ըսt պատգամավորի՝ սա շատ մտահոգիչ է. «Ես սա մտահոգիչ եմ համարում և վաղը Աժ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անպայման հարցը բարձրացնելու եմ, գուցե մեր նախարարները ու փոխվարչապետը կունենան իրենց Հայաստանի շահ եւ գործազրկություն ուղիղ կապի բացատրությունը»,-նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը՝ պետական համակարգում աշխատող 10 հազար քաղաքացիների կրճատման հիմնավորումների մասին։ Հովհաննիսյանն այն համարել է շոկային։