ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: 
«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի 2-րդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, դա գիտի միայն դատարանը»:
Անդրադառնալով այն որոշմանը, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանին կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվեց Վերաքննիչ դատարան նոր քննության՝ Արթուր Դավթյանը նշել է.

«Հիշում ե՞ք ամենահիմնական լայն շրջանակներում քննարկվող հարցն այն է, թե ի վերջո նախագահը անձեռնմխելիությամբ օժտվա՞ծ է պաշտոնավարումից հետո, թե՞ ոչ: Եվ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, համաձայն լինելով իմ կողմից բերված բողոքի փաստարկներին, հավաստեց, որ այստեղ էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե նրան մեղսագրվող արարքը դիտարկվում է նրա կարգավիճակից բխո՞ղ, թե՞ կարգավիճակից չբխող: Եվ ամենակարևորը՝ արդեն բեկանելով Վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումը և դրանով Վերաքննիչ դատարանի այն մոտեցումը, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը փաստորեն օժտված է անձեռնմխելիությամբ, իսկ նրան մեղսագրված արարքները Վերաքննիչ դատարանը դիտարկել էր որպես նախագահի գործառույթներից բխող, Վճռաբեկ դատարանը հստակ պատասխան տվեց, որ գործառույթներից բխող լինելու հանգամանքը միայն ֆորմալ տեսանկյունից չպետք է դիտարկել»,- ասել է Դավթյանը:


